Սահմանամերձ համայնքներում բնակվող կանանց համար ստեղծվել է շուրջ 100 աշխատատեղ

ՄԻՊ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 11-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Մարդու իրավունքների հետազոտական և կրթական կենտրոնի աշխատակիցները Կանանց ռեսուրս կենտրոնների եվրոպական ասոցիացիայի՝ «ՎԻՆՆԵՏ Եվրոպա»-ի գործընկեր «ՎԻՆՆԵՏ Հայաստանի» ներկայացուցիչների հետ այցելել են Տավուշի մարզի Նոյեմբերյան  քաղաք:

Սահմանամերձ շրջաններում կանանց զբաղվածությունը ապահովելու նպատակով «ՎԻՆՆԵՏ Հայաստանի»-ը ստեղծում է կանանց ռեսուրսային կենտրոններ, քննարկում են  կանանց կարողությունների զարգացման և տնտեսական առաջխաղացման առկա հնարավորությունները: Այդպիսի կենտրոններ արդեն գործում են Սյունիքի մարզի Գորիս, Կապան, Մեղրի քաղաքաներում: Հիմնականում սոցիալապես անապահով կանանց համար ստեղծվել է շուրջ 100 աշխատատեղ, Շինուհայր գյուղում բացվել է բրդի լվացման արտադրամաս, իրականացվել է «Բրդից մինչև կարպետ» նախաձեռնությունը: Կանայք զբաղվում են նաև ձեռքի աշխատանքներով, որոնք հետաքրքրում են հատկապես մարզ այցելող զբոսաշրջիկներին:

«ՎԻՆՆԵՏ Հայաստանի» ներկայացուցիչները Նոյեմբերյանում ներկայացրել են Կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի անդամակցության պայմանները, պատրաստակամություն հայտնել աջակցել կանանց խմբի ձևավորմանը, նրանց կողմից առաջարկվող նորարարական գաղափարների կյանքի կոչելուն, կանանց ձեռնարկատիրության զարգացմանը՝ հաշվի առնելով վերջիններիս և տարածաշրջանի կարիքներն ու հնարավորությունները:

Հանդիպումների ընթացքում քննարկվել է նաև կանանց զբաղվածության խնդրում  Մարդու իրավունքների պաշտպանի աջակցության ուղիները: