Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության հաղորդած տեղեկությունների համաձայն՝ այս տարվա սեպտեմբերի 12-ին Ռուսաստանը մեկնաբանություններ և դիտողություններ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ իր դեմ Ուկրաինայի ներկայացրած հայցի վերաբերյալ։ Ավելի վաղ հայտարարվել է, որ այս տարվա հունիսի 12-ին Ուկրաինան հայց է ներկայացրել Ռուսաստանի դեմ Միջազգային դատարան՝ «Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիայի և «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի խախտումների վերաբերյալ։ Միջազգային դատարան ներկայացրած իր մեկնաբանությունների և դիտողությունների մեջ Ռուսաստանը նշել է, որ վերոհիշյալ կոնվենցիաների խախտումների մասին իր դեմ ներկայացված հայցի քննությունը Միջազգային դատարանի իրավասության շրջանակներից դուրս է։ Հետևաբար, Միջազգային դատարանը չի կարող քննել այդ հայցը։
Միջազգային դատարան ներկայացված հայցերը սովորաբար քննվում են նման ընթացակարգով։ Այն կողմը, որի դեմ հայց է ներկայացվել, իրավունք ունի ծանոթանալ գործին և մեկնաբանություններ կատարել իրեն առաջադրված մեղադրանքների մասին։
Միջազգային դատարանի կարգադրությամբ՝ մինչև 2019 թվականի հունվարի 14-ը Ուկրաինան պետք է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ներկայացնի Ռուսաստանի մեկնաբանությունների վերաբերյալ իր գրավոր դիրքորոշումը։ Այնուհետև, Միջազգային դատարանում Ուկրաինան ընդդեմ Ռուսաստանի գործով լսումներ կիրականացվեն, և մեկ ամսվա ընթացքում միջազգային դատական ատյանները որոշում կկայացնեն։
Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարությունն այս կապակցությամբ հայտարարել է, որ Միջազգային դատարանն իր իրավասության շրջանակներում կշարունակի քննել Ուկրաինայի ներկայացրած հայցը և կմերժի Ռուսաստանի համապատասխան մեկնաբանությունները։ Ուկրաինայի իշխանությունների համոզմամբ՝ հիմք ընդունելով Ռուսաստանի իշխանությունների կողմից կատարված խախտումների մասին վկայող հիմնավոր ապացույցները և փաստարկները՝ սույն գործով միջազգային դատական ատյանները որոշում կկայացնեն Ուկրաինայի օգտին։ Ուկրաինայի նախագահը բազմիցս նշել է, որ Ռուսաստանը պետք է պատասխանատավության ենթարկվի՝ միջազգային իրավունքի նորմերը ոտնահարելու համար։
Հիշեցնենք նաև, որ 2016 թվականին Ուկրաինան բողոք է ներկայացրել Ռուսաստանի դեմ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ռուսաստանի Դաշնության կողմից անեքսիայի ենթարկված Ղրիմում թաթար ժողովրդի իրավունքները խախտելու և Ղրիմի թաթարների Մեջլիսի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ։ Միջազգային դատարանը որոշում է կայացրել, որի համաձայն՝ մինչև 2019 թվականի հունվարի 18-ը Ռուսաստանը պարտավոր է զեկույց ներկայացնել՝ ղրիմ-թաթարական Մեջլիսի գործունեության արգելքը վերացնելու համար իր կողմից իրականացված հստակ գործողությունների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Միջազգային դատարանը կարգադրել էր վերացնել Ղրիմի թաթարների նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառված բոլոր սահմանափակումները, վերականգնել Ղրիմում Մեջլիսի գործունեությունը և Ղրիմի թաթարների համար կյանքի և գործունեության բնականոն պայմաններ ապահովել։ Այնուամենայնիվ, Միջազգային դատարանի կայացրած որոշումներն իրագործելու համար Ռուսաստանը մինչ օրս քայլեր չի ձեռնարկել։