Գյումրիում սպանված 25-ամյա Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանն այսօր նախագահական նստավայրի դիմաց նետեց ՀՀԿ-ի իր անդամատոմսը՝ հայտնելով, որ այլևս չի ցանականում լինել մի կուսակցության անդամ, որը մինչ օրս ոչ մի քայլ չի ձեռնարկել իր որդու սպանության համար մեղավորներին պատժելու ուղղությամբ:
«Երկրի նախագահը պարտավոր է իմանալու, թե իր երկրի ներսում ինչ է տեղի ունենում և պետք է իմանա, որ ոստիկանության ներկայացուցիչները սպանության պատվեր են իրականացնում: Ես եղել եմ ՀՀԿ ներկայացուցիչներից մեկը, և եկել եմ իմ կուսակցկան ընկերոջ՝ երկրի նախագահի մոտ: Եկել եմ հայտնեմ նախագահին՝ որպես կուսակցական ընկեր, որ հրաժարվում եմ այս կուսակցական տոմսից և անամոթություն եմ համարում ինձ համար լինել այս կուսակցության անդամը: Անպատվաբեր է ինձ համար լինել հանցավոր կուսակցության ներսում»,- իր խոսքում նշեց տիկին Ադանալյանը, որից հետո պոկելով կուսակցական տոմսի վրա գտնվող իր լուսանկարը, այն շպրտեց:
Նշենք, որ ոստիկանության ներկայացուցիչները ակցիայի մասնակիցներին թույլ չտվեցին մոտենալ նախագահական նստավայրի դարպասներին՝ հայտնելով, որ այդտեղ կանգնել չի կարելի: Այդ պատճառով մարդիկ անցնելով նախագահական նստավայրի մոտով շարժվեցին դիմացի փողոց և այնտեղ իրականացրին իրենց ակցիան:
Ռուզաննա Ադանալյանի շահերի պաշտպան Նինա Կարապետյանցն էլ հայտնեց, որ չկա որևէ ապացույց, որ հանցագործությունը կատարվել է մեկ անձի կողմից. «Մենք ունենք հիմնավոր կասկածներ, որ սպանությունը կատարավել է, ոչ թե մեկ անձի այլ նվազագույնը երկու անձանց կողմից, եթե ոչ ավելին»:
Փաստաբանը հայտնեց, որ գործում եղած վկաների մի մասը ցուցմունք չի տվել, իսկ տվողներին ցուցմունքներն այնքան իրարամերժ են, որ քննիչի և վերահսկող դատախազների մոտ պետք է լուրջ կասկածներ առաջացներ գործն ավելի լավ քննելու համար:
«Անգամ դանակների տարբերություն կա, չափերի տարբերություն կա: Փորձաքննության ընթացքում սպանվածի մարմինը չի լուսանկարվել: Ես անգամ կասկածներ ունեմ, որ 2 հարված չի եղել, այլ մի քանի հարվածներ է եղել»,- հայտնեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ Արտյոմ Ադանալյանի սպանությունը տեղի է ունեցել 2014թ. աշնանը, Գյումրի քաղաքի տնակներից մեկում, հավաքույթի ժամանակ: Մինչ օրս պարզված չէ սպանության մոտիվը, հայտնաբերված չէ սպանության գործիքը, դատաբժիշկը վրիպել է, դատաբժշկական եզրակացությամբ չի տրվել պատասխան, թե հարվածները միևնույն գործիքով են հասցվել: Եզրակացությանը կից չկան դիակի լուսանկարները: Սպանված երիտասարդի մայրը պնդում է, որ տեղի է ունեցել խմբակային հանցագործություն, իսկ ամբաստանյալի աթոռին մեկն է:
Նշենք, որ Արտյոմ ադանալյանի սպանության համար մեղադրվող Արթուր Մարտիրոսյանը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման: