ՌԴ Պետդուման վավերացրել է Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը

dumaԴեպտեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության Պետական դուման վավերացրել է Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու վերաբերյալ պայմանագիրը: Այդ մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը:

Համաձայն գործակալության հաղորդման՝ որոշումն ընդունվել է միաձայն (441 կողմ):

Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը ստորագրվել է այս տարվա հոկտեմբերի 10-ին Մինսկում՝ ՌԴ-ի, Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի նախագահների կողմից: Համաձայն պայմանագրի՝ Հայաստանի Հանրապետությունը ԵՏՄ-ի լիիրավ անդամ կդառնա պայմանագիրը ուժի մեջ մտնելուց, այսինքն՝ բոլոր մասնակից երկրների կողմից այն վավերացվելուց հետո, բայց ոչ շուտ, քան 2015 թ. հունվարի 1-ը:

Ինչպես հայտարարել է Պետդումայի՝ ԱՊՀ-ի, Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցումը «նշանակալի փուլ է Եվրասիական տնտեսական միության ստեղծման ճանապարհին»։ «Հայաստանն առավելագույն կամք է դրսևորել՝ գնալու զարգացման եվրասիական ուղով։ Սա պատմական որոշում է Եվրասիական տնտեսական միության ամբողջ ճարտարապետության ձևավորման տեսանկյունից»,- նշել է նա։

Եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի ղեկավարը ընդգծել է նաև, որ պայմանագիրը ներառում է 6 հոդված և 5 հավելված, որոնք «ամբողջովին լուծում են բոլոր խնդիրները, այդ թվում՝ ընդհանուր սահմանի բացակայության խնդիրը»։ «Հայաստանը եվրասիական նախագիծ է մտնում միջազգայնորեն ճանաչված սահմաններով»,- ավելացրել է նա։

Նա նաև տեղեկացրել է, որ մինչև դեկտեմբերի վերջ պայմանագրի վավերացման հարցը պետք է դիտարկվի Բելառուսի և Ղազախստանի խորհրդարաններում։

Մեկնաբանություններ