Հարցաքննվեց Նուբարաշենի խճուղում վիճաբանության ականատեսը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանների նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվեց հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատական նիստը։ 

Այսօրվա նիստին, որպես վկա հարցաքննվեց վիճաբանության ականատես-տուժող Սանասար Բադալյանը: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին վերջինիս նկատմամբ դատարանի կողմից բերման ենթարկելու որոշում էր կայացվել, քանի որ նա չէր ներկայանում դատարան: Սանասար Բադալյանը իր դատարան չներկայանալու պատճառի վերաբերյալ, մանրամասնեց, որ ընտանիքի միակ աշխատողը ինքն է, ուստի չէր կարողանում շուտ ներկայանալ:

Ըստ տուժողի՝  դեպքի օրը գնացել է ավտոսպասարկման կետ, որտեղ գտնվել է իր որդին, որպեսզի որդուն տանի տուն. «Դեպքը տեղի է ունեցել, մոտավորապես, երեկոյան 11-ին»: Նուբարաշենի խճուղ վրա տեսել է «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա, 3 տղամարդու, մի տարեց կին և երիտասարդ աղջկա (ենթադրել է, որ նա հարսն է) մտածել է` վթար է, հավաքվածներն էլ ԱՊՊԱ: Ավելի մոտենալով տեսել է խառը իրավիճակ՝ հայհոյանքներ է լսել,  կանգնեցրել է ավտոմեքենան և հավաքվածներին հորդորել է հայհոյանքներ չհնչեցնել, քանի որ այդեղ կան նաև կանայք. «Ապակին իջեցրի, ասի՝ ամոթ է, արա՛, թարգեք, մեծ կին ու աղջիկ կա, չեք ամաչո՞ւմ: Հետո մտա ավտոտեխսպասարկման կետ՝ որդուս տուն տանելու համար»,- մանրամասնեց նա:

Սանասար Բադալյանը հավելեց, որ  վիճաբանողներին «արա»  ասելուց հետո մի տղամարդ եկել է իր ուղղությամբ և ասել՝ «էտ ում արա ասեցիր», դա եղել է ամբաստանյալներից Արարատ Նիկողոսյանը  և ևս մեկը, ով եղել է ծաղկավոր վերնաշապկով: Արարատ Նիկողոսյանի  հետ եկած մյուս տղան և ավտոսպասարկամն կետի աշխատակիցները միջամտել են վիճաբանությանը և հարթել, ինչից հետո ինքը որդու հետ հեռացել է այդտեղից:

Տուժողը մանրամասնեց, որ ինքը ոգելիչ խմիչքի հոտ չի առել, նաև ասաց, որ վիրավոր կամ ընկած ոչ ոքի չի տեսել:

Դատախազ Վարդգես Սարգսյանը միջնորդեց հրապարակել տուժողի նախաքննական ցուցմունքը, քանի որ նախաքննական և դատաքննական ցուցմունքների մեջ առկա են էական հակասություններ՝  ծաղկավոր վերնաշապկով տղայի, ալկոհոլ օգտագործած լինելու դրվագների հետ կապված:

Ամբաստանյալ Արարատ Նիկողոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը խնդրեց դատական նիստը 1 շաբաթով հետաձգել, իրենց տրամադրել նիստի կրիչը և իրենց հնարավորություն տալ ուսումնասիրելուց հետո դիրքորոշում հայտնել միջնորդության վերաբերյալ: Արդյունքում, նիստը հետաձգվեց. հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 12-ին: