Խիստ անթույլատրելի է Երևանի Թումանյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում factor.am կայքի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյանի մասնագիտական գործունեության խոչընդոտումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԻՊ-ը:
ՄԻՊ հաղորդագրությունում ասվում է. «Արևիկ Սահակյանի փոխանցմամբ՝ որոշ անձինք ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը փորձել են ծեծի ենթարկել, քաշքշել, պոկել իր լրագրողական վկայականը, վնասել օպերատորի տեխնիկան։ Ըստ լրագրողի՝ տարածքում գտնված ոստիկանները չեն կանխել իր նկատմամբ ոտնձգությունը։
Լրագրողների բնականոն աշխատանքի ապահովումը հատկապես կարեւոր է զանգվածային այնպիսի միջոցառումների ժամանակ, երբ տեղի են ունենում հանրային նշանակության իրադարձություններ։ Ուստի, լրագրողի մասնագիտական աշխատանքի խոչընդոտելու ցանկացած դեպք պետք է անհապաղ կանխվի, իսկ խոչընդոտած անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության խիստ միջոցների:
Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան Մաշտոցի պողոտա-Թումանյան խաչմերուկում տարօրինակ վարքագծով ինչ-որ անձինք՝ խաչմերուկում ձողերով և մետաղյա իրերով զինված, բժշակական դիմակներով, ջարդել են լուսաֆորները, աղբարկղերը, ճանապարհային նշանները, փորձում են փակել ճանապարհները։ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, թե սադրիչ խմբեր են հայտնվել, որոնք ցանկություն ունեն բռնություններ հրահրել։
factor.am կայքի խմբագրությունը միջադեպի անմիջական հարևանությամբ է, և կայքի գլխավոր խմբագիրն ու օպերատորը կարողացել են նկարահանել և ուղիղ հեռարձակում իրկանացնել դեպքի վայրից, որի ընթացքում էլ անկարգություն անողները խոչընդոտել են վերջիններիս աշխատանքը: