Պաշտոնեական դիրքի չարաշահման համար առաջադրվել են մեղադրանքներ

27.11.2017թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի ղեկավար պաշտոնատար անձանց և ՀՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից նախնական համաձայնությամբ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու և ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված քրեական գործը:

Հիշյալ քրեական գործով Հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սարգիս Գրիգորյանն ու նույն բաժանմունքի օպերլիազոր Արմեն Իսրայելյանը, ծառայողական պարտականությունները բարեխճորեն կատարելու կեղծ տպավորություն ստեղծելու պատրվակով, ինչպես նաև ոստիկանության Ստեփանավանի բաժնի աշխատանքային ցուցանիշներն արհեստականորեն բարձրացնելու խմբային շահերից ելնելով՝ իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ:

Այսպես, 2017 թվականի սեպտեմբերին Սարգիս Գրիգորյանը Վանաձոր քաղաքի բնակիչ Դ. Դավթյանին խնդրել է օգնել իրեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ցուցանիշ ապահովելու գործում: Ըստ այդմ, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Դ. Դավթյանն անձամբ` քաղելու եղանակով, ձեռք է բերել «կանեփ» տեսակի բույսի զանգված, որից հետո, ոստիկանները, իբր, վերջինիս բերման են ենթարկել ոստիկանության Ստեփանավանի բաժին: Այնտեղ` Ս. Գրիգորյանի աշխատասենյակում, Դ. Դավթյանը ձեռք բերած թմրամիջոցը փոխանցել է նույն բաժնի օպերլիազոր Արմեն Իսրայելյանին: Վերջինս կշռել և նշված զանգվածից առանձնացրել է 0,27 գրամը, որն էլ Դ. Դավթյանը Ս. Գրիգորյանի հրահանգով փաթաթել է ծխախոտի տուփի փայլաթիթեղի մեջ ու դրել տաբատի գրպանը: Դրանից հետո Դ. Դավթյանը ընթերակաների մասնակցությամբ ձևականորեն ենթարկվել է անձնական խուզարկության, որի ընթացքում էլ «հայտնաբերվել» է թմրամիջոցը: Ավելին, Դ. Դավթյանը հայտարարել է, որ թմրամիջոցը, իբր, 2017 թվականի հունիսին իրեն իրացրել է արդեն հանգուցյալ, իր ծանոթ Ա. Ղ.-ն:

Բացի այդ, վերը նշված պայմանավորվածության համաձայն, Դ. Դավթյանը նույնաբովանդակ ցուցմունք է տվել նաև ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի քննիչին, ով կատարել է համապատասխան բովանդակությամբ փաստաթղթային ձևակերպումներ:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա, Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սարգիս Գրիգորյանին և նույն բաժանմունքի օպերլիազոր Արմեն Իսրայելյանին մեղադրանքներ են առաջադրվել պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու համար պատասխանատվություն նախատեսող` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,  քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`  դատարանի`  օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ