Պաշտոնատար անձինք հարկադրել են իրականությանը չհամապատասխանող խոստովանական ցուցմունքներ տալ

Պաշտոնատար անձանց կողմից ցուցմունք տալուն հարկադրելու դեպքերի վերաբերյալ քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով:

Մասնավորապես, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ Է. Ք.-ն դատական նիստի ընթացքում հայտնել է, որ նշված քրեական գործի նախաքննության ընթացքում իրեն տևական ժամանակով պահել են ոստիկանության Արաբկիրի բաժնում, որտեղ երեք քննիչներ իր նկատմամբ ճնշումներ ու սպառնալիքներ են գործադրել` հարկադրելով  իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալ առանձնապես խոշոր չափերով գողության փորձ կատարելու վերաբերյալ:

Պետական հատուկ ծառայություն իրականացնող  մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ցուցմունք տալուն հարկադրելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով:

Մյուս քրեական  գործը հարուցվել է ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի կալանավոր Վ. Ն.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով կայացած դատական նիստի ընթացքում ցուցմունք, իսկ այնուհետև` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ ՀՀ ՊՆ նախկին քննչական ծառայության քննիչն իրեն հարցաքննելիս հոգեբանական ճնշումների է եթարկել` պահանջելով ցուցմունքում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ գրի առնել, թե, իբր, ինքը իր և այլ անձանց մարտական ուղու վերաբերյալ փաստաթղթեր է կնիքել:

Պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից ցուցմունք տալուն հարկադրելու հիշյալ դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ