Ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի է ունեցել պայթյուն:
ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերն ու հոգեբանական խորհրդատվության գծով ՀԱԲ հրահանգիչը:
Պարզվել է, որ Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող Բուրգեր Քինգ սահմանափակ պատասխանատվության ընկերության արագ սննդի կետի խոհանոցում տեղի է ունեցել ածխաթթու գազի (CO2) 20 կգ-անոց բալոնի պայթյուն:
Կա 8 տուժած, որոնց մեջ գերակշիռ մաս են կազմում անչափահասները:
Տուժածները հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ 8-ամյա Ռուբինա Մարկոսյանի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, իսկ մյուսներինը՝ Ռուդոլֆ Մարկոսյանի (6 տարեկան), Զարուհի Մելիքյանի (19 տարեկան), Էրիկ Աշուղյանի (16 տարեկանի, ԻԻՀ քաղաքացի), Ալյոնա Ագապովայի (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Լիզա Աբրամովայի (14 տարեկան, ՌԴ քաղաքացի), Յարոսլավ Լյուբենկոյի (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Զեյնաբ Հուսեինիի (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի) ծանր կայուն:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանի գլխավորությամբ հիվանդանոցում բոլոր տուժածներն անցել են անհրաժեշտ հետազոտություն, տրամադրվում է բժշկական օգնություն։ Այս մասին հաղորդում են Առողջապահաության նախարարությունից:
Տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծանր։ Աղջկան այս պահին վիրահատում են։ Մյուսների վիճակը գնահատվում է կայուն։
Բժշկական օգնությունն արագ և պատշաճ կազմակերպելու նպատակով անմիջապես հիվանդանոց են եկել նաև բուժական գծով փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը, ինչպես նաև բոլոր առաջատար մասնագետները։