Հացադուլի մեջ գտնվելու օրերին Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմեն Բիլյանին և հետաքրքրվել նրա առողջական վիճակով

Երևանի ընդահանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ավարտվեց «Սասնա ծռեր»-ի 10 անդամների գործով առկա ապացույց հանդիսացող տեսանյութերի և ձայնագրությունների ուսումնասիրումը:

Հրապարակված ապացույցների մասին դիրքորոշում հայտնեց Պավլիկ Մանուկյանը՝ նշելով, որ մեղադրանքի կողմը նման ձայնագրություններ ու տեսանյութեր հրապարակելով, միտում ունի իրենց շուրթերով Փաշինյանին վարկաբեկելու:

«Հարգելի՛ դատախազներ, կոչ եմ անում դատարանը չքաղաքականացնել: Այսօր մենք ունենք ժողովրդի կողմից ընտրված վարչապետ, և մենք՝ «Սասնա Ծռեր»-ս, նրա հետ միասին ենք առաջ շարժվելու: Մենք տարիներ շարունակ ամեն հնարավորն արել ենք, որ ունենանք թեկնածու, ում կընտրի և կընդունի ժողոուրդը ու այսօր կարող ենք հայտարարել, որ ունենք այդ թեկնածուին: Նիկոլն ընտրյալ է»,- իր դիրքորոշման մեջ նշեց Մանուկյանը:

Ելույթով հանդես եկավ նաև Արմեն Բիլյանը, որն իր ելույթի սկզբում պատմեց, որ հացադուլի մեջ գտնվելու օրերին, իրեն է այցելել Նիկոլ Փաշինյանը և հետաքրքրվել առողջական վիճակով. «Երբ հացադուլի մեջ էի՝ Նոր տարուց հետո,  պառկած գիրք էի կարդում, մեկ էլ տեսնեմ ինչ-որ մեկը դուռը թակում է՝ պարզվեց Նիկոլ Փաշինյանն է: Ես ապշել էի, որ կարող ա որևէ պատգամավորի հետաքրքրել իմ որպիսությունը: Էսքանից հետո ուրիշ բան չի մնում, քան հայտարարել՝ «Սասնա Ծռեր»-ը կանգնելու են Նիկոլ Փաշինյանի կողքին և նրա հետ միասին կառուցելու են նոր Հայաստանը»:

Հանրային պաշտպան Արմինե Ֆանյանն էլ եզրափակելով պաշտպանական կողմի դիրքորոշումները՝ շեշտեց, որ հրապարակված ապացույցների մեծ մասը վերաբերելի չէին գործին: Դատավոր Մակյանը պատասխանեց, որ պաշտպանական կողմը կարող է այդ հանգամանքն օգտագործել հօգուտ իրեն և ճառի մեջ շեշտել:

Մեսրոպ Մակյանը հայտարարեց, որ ավարտված է համարում գործով առկա ապացույցների հետազոտման փուլը, ուստի հաջորդ նիստին կսկսվի գործով անցնող տուժողների հարցաքննությունը:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 4-ին: