Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահի նամակը հայ գործընկերոջը

Der-zor-Srboc NahatakacՀոկտեմբերի 20-ին Չեխիայի Հանրապետության պատգամավորների պալատի` Հայաստանի հետ միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Ռոբին Բյոնիշը նամակ է հղել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին: Այդ մասին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: 

Նամակում չեխ պատգամավորն անդրադարձել է «Իսլամական պետություն» անվանումը կրող ահաբեկչական կազմակերպության կողմից Դեր Զորում գտնվող Հայ Առաքելական եկեղեցու Սրբոց նահատակաց համալիրի նկատմամբ իրականացված բարբարոսական գործողություններին:

Իր և իր գործընկերների անունից խոստորեն դատապարտելով տեղի ունեցածը` Ռոբին Բյոնիշը նշել է, որ ցնցված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համալիրի նկատմամբ նման անհանդուրժողական գործողություններից:

Պատգամավորը կատարվածի առնչությամբ իր խորին կարեկցանքն է հղել հայ ժողովրդին եւ հույս հայտնել, որ միջազգային հանրությանը կհաջողվի հնարավորինս շուտ կանխել «Իսլամական պետություն» անվանումը կրող ահաբեկչական խմբավորման ընդլայնման միտումները տարածաշրջանում:

Մեկնաբանություններ