Արթիկ քաղաքի բնակիչ Ա. Մ.-ն 06.02.2018 թ.-ին ահազանգել է ոստիկանության Արթիկի բաժին` հայտնելով, որ ոստիկանության աշխատակից ներկայացած Հ. Մ.-ն նույն օրը` ժամը 04:00-ի սահմաններում, իր տան դռան փականի բռնակը կամաց իջեցրել է ներքև և փորձել բացել դուռը: Սակայն այդ պահին արթնացած բնակարանատերերի աղմուկը լսելով` Հ. Մ.-ն դուռն արագ քաշել է դեպի իրեն, որի հետևանքով կոտրել է դռան փականի բռնակը և փախել: Դրանից հետո Ա. Մ.-ի որդին Հ. Մ.-ին բռնել է շենքի բակում և ներկայացրել ոստիկանության աշխատակիցներին:
Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Հ. Մ.-ն աշխատում է ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Մուշի բաժնում՝ որպես ՊՊԾ դասակի ոստիկան: Նյութերի համաձայն` 06.02.2018թ.-ին վերջինս Գյումրիից Արթիկ քաղաք է մեկնել իր կողմից շահագործվող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա փակցված են եղել մեկ այլ քաղաքացու անվամբ հաշվառված ավտոմեքենայի համարանիշեր:
Վերը նշված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով հարուցվել է քրեական գործ:
Հաշվի առնելով, որ հիշյալ քրեական գործի նյութերում առկա են ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից բնակարան ապօրինի մուտք գործելով գողության փորձ կատարելու առերևույթ հանցագործության հատկանիշներ, ուստի այն ըստ քննչական ենթակայության ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը շարունակելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: