Շվեդիայից ժամանած 23 անտառսեփականատեր և անտառկառավարող այցելել են Հայաստան, եղել «Սևան» և «Դիլիջան» ազգային պարկերում, ծանոթացել բնության հատուկ պահպանվող տարածքների կենսաբազմազանությանը, պահպանման առանձնահատկություններին և կարողություններին։ Շվեդ անտառկառավարողները հյուրընկալվել են նաև Տավուշի մարզի Կողբ գյուղից 9 կմ հեռավորության վրա գտնվող բնապահպանության նախարարության «Զիկատար» բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ի բնապահպանական ուսումնական կենտրոնում, շրջայց կատարել «Զիկատար» պետական արգելավայրի անտառներում, ծանոթացել դեռևս 1970-80 ական թվականների ստեղծված փորձահրապարակներին:
Մասնագիտական քննարկման ժամանակ շվեդական խմբի ղեկավար դոկտոր Ա․Վեստերլանդը, ըստ հաղորդագրության, ներկայացրել է Շվեդիայի անտառների, դրանց սեփականության ձևերի և կառավարման առանձնահատկությունների վերաբերյալ տեղեկատվություն:
«Շուրջ 25 միլիոն հեկտար անտառներով հարուստ երկրում` անտառապատվածությունը 55% (հինգ անգամ գերազանցում է Հայաստանի ցուցանիշը), հաշվառված են 350 հազար անտառսեփականատերեր։ Մեր խմբի անդամների սեփական անտառների մակերեսները 50-400 հեկտարի սահմանում են, որտեղ պարբերաբար իրականացվում են անտառանյութի պատրաստման և վերականգնման աշխատանքներ: Շվեդիայում տարեկան հատվում է մոտ 80 միլիոն մ3 բնափայտ, ընթացիկ տարեկան աճը կազմում է մոտ 100 միլիոն մ3, հատված տարածքներում պարտադիր իրականացվում են անտառվերականգնման միջոցառումներ, որից անտառը բնականոն զարգանում և շատ լուրջ ներդրում է ունենում երկրի սոցիալ-տնտեսական զարգացման մեջ», – նշել է խմբի ղեկավարը:
«Զիկատար» բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Ղուլիջանյանը ներկայացրել է Հայաստանում վերջին շրջանում անտառային ոլորտում իրականացվող բարեփոխումների և կենտրոնի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն: Նա նշել է, որ «Զիկատար» արգելավայրի և շրջակա տարածքներում առկա են էկոտուրիզմի ծառայությունների մատուցման և զարգացման լուրջ նախադրյալներ /հարուստ կենսաբազմազանություն, պատմամշկութային և բնության հուշարձաններ, կացարաններ, խաղահրապարակներ, ջրավազաններ և այլն/, ինչն էլ հաշվի առնելով, «ENPI FLEG» ծրագրի շրջանակներում ստեղծվել է էկոտուրիզմի տեղեկատվական կենտրոն: Նա նաև տեղեկացրել է, որ Զիկատարի անտառում 2008 և 2013 թվականներին սկանդինավյան երկրների շուրջ 50 ներկայացուցիչների մասնակցությամբ անց են կացվել բնության մեջ կողմնորոշման մրցումներ։
Հյուրերին տեղեկացվել է նաև, որ «Զիկատար» ՊՈԱԿ-ն «Անտառհետազոտողների միջազգային կազմակերպությունների միության» անդամ է, որը զբաղվում է անտառագիտական խնդիրներով և ԱՊՀ երկրների հերթական 9-րդ կոնֆերանսն առաջին անգամ անցկացվել է այնտեղ` երեսուն երկրներից ժամանած քառասուն անտառագետների մասնակցությամբ: