Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործեր են հարուցվել սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների աշխատակիցների կողմից սոցիալական նպաստների տրամադրման գործընթացում առերևույթ չարաշահումների փաստերով:
Արթիկի տարածաշրջանի 19 բնակիչների կողմից ներկայացված հաղորդումների հիման վրա ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ Արթիկի սոցիալական ծառայության տարածքային գործակալության մասնագետների կողմից 2007-2018թթ. ընկած ժամանակահատվածում սոցիալական անապահովության նպաստից օգտվող քաղաքացիների օգտին ընտանիքի կազմի մասին ներկայացված դիմում-հայտարարագրում նշված տվյալների հավաստիության վերաբերյալ ընտանեկան նպաստ նշանակելու առաջարկություն կատարելու, այդ կապակցությամբ դրական եզրակացություն տալու, ծրագրային մեթոդով ընտանիքի անապահովության միավորը որոշելու, նպաստի նշանակման մասին կարգադրությունը գործակալության պետի հաստատմանը ներկայացնելու, նպաստառուների ցուցակում ընդգրկելու, ապա հաջորդող տարիների ընթացքում նպաստի վճարումը չդադարեցնելու և նպաստների տրամադրման գործընթացն առանց խոչընդոտների իրականացնելու դիմաց անձամբ պահանջել և նրանցից ստացել են ընդհանուր առանձնապես խոշոր չափերի՝ 4.970.500 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն:
Փաստի առթիվ ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 3111 -րդ հոդվածի 1-ին մասով, 3111-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 3111-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 3121-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով հարուցել է քրեական գործ:
Բացի դրանից, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում ստացվել են «Գյումրի-2» սոցիալական աջակցության տարածքային բաժնի աշխատակցների կողմից ապօրինի վարձատրություն պահանջելու և ստանալու վերաբերյալ հաղորդումներ:
Այդ հաղորդումների հիման վրա Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում նախապատրաստվել են նյութեր, և ձեռք են բերվել բավարար տվյալներ, որ «Գյումրի-2» ՍԱՏ բաժնի աշխատակիցները 2016-2018թթ. տարբեր ժամանակահատվածներում, անապահով ընտանիքներին հասանելիք նպաստները ստանալու համար պահանջել և ստացել են ապօրինի վարձատրություն:
Մասնավորապես Գյումրի քաղաքի բնակչուհի Ա. Ս.-ի ընտանիքի նպաստի գործը վարող «Գյումրի-2» ՍԱՏ բաժնի մասնագետը ընտանիքի կազմի մասին ներկայացված դիմում-հայտարարագրում նշված տվյալների հավաստիության վերաբերյալ ընտանեկան նպաստ նշանակելու առաջարկություն կատարելու, այդ կապակցությամբ դրական եզրակացություն տալու, ծրագրային մեթոդով ընտանիքի անապահովության միավորը որոշելու, նպաստի նշանակման մասին կարգադրությունը գործակալության պետի հաստատմանը ներկայացնելու, նպաստառուների ցուցակում ընդգրկելու, ապա հաջորդող տարիների ընթացքում նպաստի վճարումը չդադարեցնելու և նպաստների տրամադրման գործընթացն առանց խոչընդոտների իրականացնելու դիմաց անձամբ պահանջել և ստացել է 40.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն: Բացի դրանից, 2018 թվականի հունիսի 26-ին՝ հերթական տարում Ա. Ս.-ի ընտանիքը փաստագրելու համար «Գյումրի-2» ՍԱՏ բաժնի աշխատակցուհին, նույն նպատակով և պատճառաբանությամբ, Ա. Ս.-ից պահանջել է 60.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն, հայտնելով, որ հակառակ դեպքում ընտանիքի նպաստի վճարումը կդադարեցնի և 2018 թվականի հուլիս ամսից իրենց նպաստ չի վճարվի:
Բացի վերոգրյալից Գյումրի քաղաքի բնակիչ Ա. Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իրենց ընտանիքը 2016 թվականի օգոստոսի 24-ին, երբ հերթական տարվա փաստագրում անցնելու համար ներկայացել է «Գյումրի-2» ՍԱՏ բաժնի իրենց ընտանիքի նպաստի գործը վարող մասնագետ Ս.-ի մոտ և ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթեր, «Գյումրի-2» ՍԱՏ բաժնի աշխատակցուհին, Ա. Հ.-ին նպաստի տրամադրման գործընթացն առանց խոչընդոտների իրականացնելու դիմաց պահանջել է 2 ամիսների նպաստի գումարը՝ 59000 ՀՀ դրամ:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից առանձնապես զգալի չափերի ապօրինի վարձատրություն պահանջելու և ստանալու հանցագործության հատկանիշներ՝ Շիրակի մարզի դատախազի տեղակալի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 1-ին մասի և 3121 1-ին մասի հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր:
Երեք քրեական գործերի նախաքննությունն հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: