Սույն գործով չորս Դիմումատուները ազգությամբ մալթացի են։ Առաջին Դիմումատուն՝ Նիկոլինա Շերրին, ծնվել է 1936թ․, երկրորդ Դիմումատուն՝ Ժոզեֆ Շերրին, ծնվել է 1972թ․-ին, երրորդ Դիմումատուն՝ Մարիո Շերրին, ծնվել է 1977թ․ և չորրորդ Դիմումատուն՝ Ռաֆայել Շերրին՝ 1968թ․: Գործը վերաբերում է օտարված հողատարածքի դիմաց փոխհատուցմանը։
1961 թվականին Դիմումատուներին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքը օտարվել է և 1993 թվականին օգտագործվել է Կառավարության կողմից՝ դպրոցի և դրա բակի կառուցման նպատակով։ 2003 թվականին իշխանությունները Դիմումատուներին առաջարկել են մոտավորապես 3․471 եվրո գումարի չափով փոխհատուցում՝ օտարված հողատարածքի դիմաց։
Դիմումատուներն առարկություն են հայտնել իրենց առաջարկված չափազանց ցածր գումարի չափի մասին և պնդել են, որ անշարժ գույքի գնահատումը սխալ է կատարվել։ Մասնավորապես, Դիմումատուները նշել են, որ 1961 թվականին հողատարածքը գնահատվել է որպես գյուղատնտեսական նշանակության հող, մինչդեռ 2003 թվականին, երբ նրանց առաջարկվել է փոխհատուցում, այն համարվել է արդեն զարգացած և կառուցապատված հողատարածք։ Բացի այդ, նույն տարածքում տեղակայված և նույն նպատակով օտարված հողատարածքների համար մյուս սեփականատերերին շատ ավելի մեծ չափի գումարներ են հատկացվել։
2009 թվականին հողատարածքների օտարման հարցերով արբիտրաժային հանձնաժողովը որոշել է Դիմումատուներին հատկացնել 20․134 եվրո՝ դասակարգելով գույքը որպես գյուղատնտեսական նշանակության հող։ Դիմումատուները բողոքել են որոշման դեմ, սակայն այն անփոփոխ է թողնվել, և նրանք դիմել են դատարան։
Առաջին ատյանի դատարանը բավարարել է քաղաքացիական գործով բողոքը և փոխհատուցման նոր գումար է նշանակել, որը, սակայն, չի համապատասխանել Դիմումատուների պահանջած գումարին։ Դիմումատուները շարունակել են բողոքել գումարի չափի մասին, սակայն, ապարդյուն։
Հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը (սեփականության պաշտպանություն), 14-րդ հոդվածը (խտրականության արգելում) և 6-րդ հոդվածը (արդար դատաքննության իրավունք), 2013 թվականի մայիսին Դիմումատուները բողոք են ներկայացրել Սահմանադրական դատարան։
2018 թվականի հունվարին Սահմանադրական դատարանը որոշել է 7.500 եվրո գումարի չափով բարոյական վնասի փոխհատուցում հատկացնել Դիմումատուներին՝ հողատարածքի օտարման դիմաց վճարումն ուշացնելու համար։ Սակայն, հիմք ընդունելով Schembri and Others v. Malta գործով կայացված վճռի ուղեցույցները՝ Սահմանադրական դատարանը չեղյալ է հայտարարել առաջին ատյանի կայացրած վճռի մնացած մասը՝ նվազեցնելով դատարանի սահմանած գումարի չափը։
Դիմումատուները բողոքել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի և 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։ Նրանք բողոքել են անշարժ գույքի օտարման դիմաց իրենց հատկացված փոխհատուցման ցածր գումարի մասին և այն մասին, որ Սահմանադրական դատարանի հանձնաժողովը բաղկացած է եղել այն նույն երեք դատավորներից, որոնք քննել են իրենց քաղաքացիական գործը 2013 թվականին։
Դիմումատուները պնդել են, որ այն փաստը, որ իրենց սահմանադրական բողոքը քննվել է նույն երեք դատավորների կողմից, ովքեր քննել են քաղաքացիական գործով բողոքը, խախտել է իրենց արդար դատաքննության իրավունքը: Դատավորներն արդեն արտահայտել էին իրենց դիրքորոշումն այդ հարցով, և արդյունքում, Դիմումատուների բողոքը արդյունավետ չի քննվել, քանի որ դատավորները երբեք չեղյալ չէին համարի իրենց իսկ կայացրած որոշումը:
Դիմումատուները նշել են, որ 2003թ․ մասնագետը գնահատել է գույքը 295․000 եվրո գումարին համարժեք, մինչդեռ հանձնաժողովը գնահատել է այն 270․000 եվրո: Դա կազմել է ընդամենը 7.13% այն գումարից, որը պետք է իրականում ստանային Դիմումատուները, մանավանդ, եթե հաշվի առնել այն փաստը, որ Դիմումատուներին երկար տարիներ փոխհատուցում չի հատկացվել։ Դիմումատուները նաև նշել են, որ սեփականազրկումից և պետության կողմից փոխհատուցման հատկացման մասին որոշման հրապարակումից մինչև այն վճարման ամսաթվի միջև եղած չափազանց երկար ժամկետի անտեսումը պետության կողմից ինքնին թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում է հանդիսանում։
ՄԻԵԴ-ը նշել է, որ գույքի օտարումը կարող է հիմնավորված լինել միայն այն դեպքում, եթե ապացուցվի, որ այն հետապնդում է «հանրային շահ» և կատարվել է օրենքով սահմանված կարգով։ Կոնվենցիայի թիվ Արձանագրության 1-ին հոդվածի առաջին և ամենակարևոր պահանջն այն է, որ անձի գույքի անարգել օգտագործման իրավունքի իրացմանը պետության կողմից ցանկացած միջամտություն պետք է լինի օրինական և համաչափ։ Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն, միջամտությունը պետք է ապահովի «արդար հավասարակշռություն» համայնքի ընդհանուր շահերի և անձի հիմնարար իրավունքների պաշտպանության պահանջների միջև: Իսկ հավասարակշռությունը չի կարող ապահովվել, եթե շահագրգիռ անձն անհատապես կրում է ավելորդ բեռ։
Սույն գործով սեփականազրկման և հողի օտարման դիմաց փոխհատուցման վճարման երկարաձգումը չափազանց երկար ժամկետով հանգեցրել է լրացուցիչ ֆինանսական վնասների Դիմումատուների համար, ինչն էլ Պետության կողմից գերիշխող դիրքի չարաշահում է։
ՄԻԵԴ-ը նշել է, որ տվյալ դեպքում նույն դատավորները որոշում են կայացրել երկու տարբեր դատավարությունների շրջանակներում, որոնցում հայցվորները Դիմումատուներն են, և գործը առնչվել է նույն փաստերին։ Այդ իրավիճակը, միանշանակ, կարող էր առաջացնել անկողմնակալության խնդիր։
Դատարանը եզրակացրել է, որ Դիմումատուները զրկվել են սեփականությունից ավելի քան հիսուն տարի առաջ և երկար տարիներ մնացել են առանց փոխհատուցման: Այսպիսով, ՄԻԵԴ-ը վճռել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի և 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։ Դատարանը վճռել է, որ Մալթան պետք է Դիմումատուներին պատճառված նյութական վնասի համար բոլորին միասին վճարի 27․000 եվրո, ոչ նյութական (բարոյական) վնասի հատուցման համար վճարի 9․000 եվրո և 2․725 եվրո՝ դատական ծախսերի համար։