Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոնն այս տարի առավել թեժ է լինելու

«Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամի, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության  պետական կոմիտեի և ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, արդեն 6-րդ անգամ կանցկացվի Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոնը, որը կտևի 2 օր՝ օգոստոսի 12-ին և 13-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքի Սորան ազգային պարկում: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս փառատոնը կմեկնարկի «Ջազը սահմանին» խորագիրը կրող համերգով, որի շրջանակներում ելույթ կունենա «Հայաստանի պետական ջազ նվագախումբ»-ը՝ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ:

«Տնտեսական, սոցիալական և մշակութային գործոններ. այս տրամաբանությամբ են ձևավորվել փառատոնի բոլոր բաղադրիչները և դիտարկվում է, որպես խթանիչ միջոցառում տարածաշրջանի զարգացման համար: Այս փառատոնը կարծես ապրանքանիշ է հանդիսանում Բերդ քաղաքի համար, ինչպես օրինակ՝ գինին Արենիի համար: Բավականին լուրջ տեղաշարժեր կան մեղվապահության, մեղրարտադրության, հատապտուղային ոլորտում: Սա եմ ես համարում մեծ ձեռքբերում», – ասաց «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամի տնօրեն Հայկ Չոբանյանը:

Փառատոնի կազմակերպումը սահմանամերձ, ռիսկային գոտում ունի իր հիմնավոր պատճառը՝ շահագրգռել հայաստանյան և միջազգային գործատուներին, որպեսզի գան և արտադրամաս, գործարաններ հիմնելով բացեն աշխատատեղեր՝ հանրության ուշադրությունը մեկ անգամ ևս սևեռելով ահմանամերձ գոտիների վրա:

            ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության  պետական կոմիտեի նախագահ Մեխակ Ապրեսյանը կարևորում է փառատոնի անցկացումը, նշելով, որ նմանատիպ միջոցառումների կազմակերպումը տնտեսական ակտիվությունը խթանելու և կայուն զբոսաշրջությունը զարգացնելու համար է:

«Փառատոնը պետք է շարունակական գործընթաց լինի, որ կարողանա ապահովել ամենամյա տրամադրվածությունը, այցելուների քանակը և տրամադրությունը: Այս 6 տարվա ընթացքում մեր հյուրերի թվաքանակը բավականին աճել է, անցած տարի ունեցել ենք 2000-ից ավել այցելու: Այս տարի կազմակերպել ենք մոտ 3000 հոգու համար նախատեսված միջոցառում. այդ 2 օրվա ընթացքում մեր հյուրերին ապահովելով գիշերակացով, որը կարող է լինել նաև վրանային, ինչպես նաև նախաճաշով և ճաշով: Այցելուները հնարավորություն կունենան նաև տեղում համտեսել տավուշյան մեղրն ու հատապտուղները»,- ներկայացրեց Մեխակ Ապրեսյանը:

Մասնակիցներն օգոստոսի 12-ին առավոտյան ավտոբուսներով կշարժվեն Բերդ քաղաք, որտեղ երեկոյան արդեն կվայելեն «Հայաստանի պետական ջազ նվագախումբ»-ին, գիշերը կլինի հյուրասիրություն և խաղեր, իսկ արդեն հաջորդ օրն ազգային երգի-պարի ուղեկցությամբ կհամտեսեն մեղր, հատապտուղ, անվճար գինի, կանցկացվեն խաղեր և մրցույթներ: Օրվա վերջում այցելուները շրջայց կկատարեն Շամշադինի տեսարժան վայրերով և կվերադառնան Երևան:

Նյութը՝ Ռոզա Վարդանյանի

Մեկնաբանություններ