«Նախագծի նպատակը ապօրինի ճնշումների բացառումն է» . ԱԺ-ում քննարկվում է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը

Այսօր կառավարությունը ԱԺ արտահերթ նստաշրջան է հրավիրել՝ քննարկելու ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: 

Օրակարգում մեկ հարց է՝ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների  նախագծերը:

Նախագծով ենթադրում են Վարչական դատավարության օրենսգրքում որոշ ընտրական իրավախախտումների համար սահմանել քրեական պատիժներ:

Նախագծով պատիժ է սահմանվում նաև ուրիշի փոխարեն քվեարկել հարկադրելու և ընտրական այլ արարքներ հարկադրելու համար պատիժ. «Ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելուն, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն կամ մեկից ավելի անգամ քվեարկելուն կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելով կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով` պատժվում է ազատազրկմամբ` 3-5 տարի ժամկետով»:

Բացի այդ, առաջարկվում է որոշ պատիժներ խստացնել և դիտել ոչ թե միջին ծանրության , այլ ծանր հանցագործություններ և հակառակը՝ մի շարք արարքներ դիտել որպես վարչական զանցանքներ, իսկ որոշ արարքներ էլ ապաքրեականացնել՝ հաշվի առնելով, որ վտանգ չեն ներկայացնում, այլ ընդհակառակը խոչընդոտում են ընտրակեղծիքների բացահայտմանը:

Ընդ որում, կաշառք ստացող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե այդ անձը մինչև իրավապահ մարմիններին կատարված հանցանքի մասին հայտնի դառնալը, բայց ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում, կաշառք ստանալու մասին կամավոր հայտնել է իրավապահ մարմիններին և աջակցել հանցագործությունը բացահայտելուն:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում այս նախագիծը թեժ մթնոլորտում քննարկվել էր ու եկել էին համաձայնության:  Հանձնաժողովը, սակայն, դրական եզրակացություն տվեց ընտրակեղծարարության պատասխանատվությունը խստացնող նախագծին՝ պայմանով, որ այն պետք է առաջինից երկրորդ ընթերցմանն ընթացքում շտկվի:

Կառավարության կողմից «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծի քննարկման  հիմնական զեկուցող Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանի խոսքերով պետք է հասնեն նրան, որ քաղաքացիներն իրենց ընտրությունները կատարեն ազատ և անկաշկանդ, դրա համար մի շարք բարեփոխումներ են իրականացվում, ինչպես ինստիտուցիոնալ, այնպես էլ օրենսդրական. «Նախագծի նպատակը ապօրինի ճնշումների բացառումն է»

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի  նախագահ Գևորգ Կոստանյանն ԱԺ նիստում հայտարարեց. «Մենք դրական եզրակացություն տվեցինք՝ բացառապես քաղաքական նկատառումներից ելնելով»:

Վերջինս պատճառ նշեց, այն փաստը, որ այս նախագծում իրավական այնպիսի խնդիրներ կան, որ իրավական առումով այս նախագիծն ընդունելը վտանգ է իր մեջ պարունակում, սակայն իրենք կառավարության հետ պայմանավորվել էին՝արտահերթ նիստ է հրավիրել հենց այս հարցի շուրջ,իսկ  որպեսզի արտահերթ նիստը չտապալվի, իրենք քաղաքական նկատառումներից ելնելով կողմ են քվեարկել:

«Քվեարկեցինք՝ դրական եզրակացություն տալով, բայց պայմանով, որ պետք է իրավական առումով այնպիսի էական շտկումներ արվեն և տրամագծորեն հակառակ, որը նախագծում է գրված, մենք այդ ժամանակ կհամարենք, որ ունենք իրական օրինական օրենք, որը միտված կլինի ընտրական գործընթացը բարելավելուն և վստահություն ձեռք բերելու ընտրական գործընթացի նկատմամբ»:

Տիգրան Ուրիխանյանի հավաստմամբ՝ օրենսդրությունը պետք է խստացնել ու անել այն ամենը, որ ընտրությունները լինեն պարզ, թափանցիկ: Բայց ընտրությունների որակը պիտի ապահովի նախևառաջ պետությունը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյան էլ իր ելույթում ասաց. « Չի կարելի ջրից ելնել՝ կրակն ընկնել»,-հավելելով, որ Աժ-ում տնվող պատգամավորներից չկա մեկը, որը դեմ չլինի ընտրակաշառքին, ընտրությունների ներդաշնակությունը խաթարող երևույթներին:

Վերջինս իր ելույթում ընդգծեց, որ նախագիծը   ուղղակիորեն սպառնում է քաղաքացու շահերի. «Հնարավոր է, որ քաղաքացին թյուրիմացաբար կամ ազդեցության տակ ընկնելով խոստանա, որ այս ինչ օրը կգա, կհանդիպի եւ կողմ կքվեարկի:  Միթե՞ սա ճիշտ վարչարարության է: Մարդուն տանել 3 տարի դատապարտել միայն նրա համար, որ նա խոստացել է կողմ քվեարկել»:

Նախագծում խոստումը հավասարեցված է կաշառք ստանալուն, Գևորգ Պետրոսյանի կարծիքով,  այստեղ  խախտված է արարքի նկատմամբ համարժեք պետաիրավական մոտեցում ցուցաբերելու սկզբունքը:

Հավելենք, որ եթե ԱԺ-ն ընդունի վերոնշյալ նախագծեր, ապա դրանք  ուժի մեջ կլինեն Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ:

ԱԺ նիստին ուղիղ կարող եք հետևել ստորև.

 

 

Մեկնաբանություններ