«Նաիրիտ» գործարանի փակումն ի սկզբանե սխալ էր, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց բնապահպան Սիլվա Ադամյանը:
Նրա հավաստմամբ «Նաիրիտ»-ի հետ կապված բնապահպանական խնդիրներ միշտ էլ եղել են և միշտ էլ բարձրաձայնվել է, որ վտանգ է հանդիսանում շրջակայքում բնակվող մարդկանց համար, և անհրաժեշտ էր ժամանակին քայլեր ձեռնարկել, որպեսզի այդ տարածքում մարդիկ չբնակվեին:
Անդրադառնալով «Նաիրիտ»-ում բռնկված հրդեհին` տիկին Ադամյանը նշեց, որ գործարանում ծագած հրդեհը միտումնավոր է եղել, քանի որ այդտեղ աուդիտ պետք է անցկացվեր, իսկ հրդեհողները այս կերպ փորձել են ծածկել այն վնասները, որոնք տվել էին «Նաիրիտ»-ին` թալանելով այն. «Մենք շատ լավ գիտենք, որ նախ ուզում էին վաճառել գործարանը, բացի այդ նախկին տերերը շատ բան փակում էին և շատ բան կար, որ չէր կարելի ցուցադրել հանրությանը, որպեսզի այդ ամենը ծածկվի և խնդիրները զրոյանան, մենք ունեցանք այս հրդեհը»,- կարծիք հայտնեց նա:
Բնապահպանը հույս հայտնեց, որ քրեական գործ հարուցվելուց հետո հետաքննություն կընթանա, և գուցե բացահայտվեն հրդեհի իրական պատճառները:
Խոսելով այրված նյութի վտանգավորության մասին` նա հայտնեց, որ չնայած առողջապահության նախարարության հայտարարությանը, միևնույն է, այդ նյութը չի կարող վտանգ չներկայացնել:
«Գուցե առողջական լուրջ խնդիրներ չառաջացնի, սակայն հնարավոր չի, որ չունենա ազդեցություն: Նյութը թունավոր նյութ է, վառվում է, արտանետվում է, քամու միջոցով էլ ամբողջ հզորությամբ տարածվում է քաղաքաի տարբեր մասերում»,- ասաց նա:
Բնապահպանը նաև հայտնեց, որ «լաք էթինոլ» նյութը 32 աստիճանում ինքնաբռնկվում է և մինչև վերջ այրվում: Նրա կարծիքով, հրդեհի մասին տեղեկանալուց հետո անհրաժեշտ էր այդ տարածքում բնակվող մարդկանց տարհանել:
Վերջում բնապահպանը հավելեց, որ բնապահպանական տեսչությունն անպայման զբաղվելու է այդ հարցով:
Նյութը՝ Ելենա Արամյանի