Հյուրանոցի նկուղային հարկից գողացել է քաղաքացու հեծանիվը և անձնագիրը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ  Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանում գործող հյուրանոցներից մեկի նկուղային հարկից հեծանիվ և անձնագիր գողացած անձի ինքնությունը:

Նախնական տվյալներով՝ 2017թ. օգոստոսի 15-ին՝ժամը 03:50-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ դուռը բացելու միջոցով մուտք է գործել Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործող հյուրանոցներից մեկի նկուղային հարկ և հափշտակել քաղաքացու` զգալի չափի արժողության հեծանիվը և անձնագիրը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել է դեպքի վայրի՝ տվյալ օրվա տեսագրությունը, ենթարկվել զննության: Տեսանյութում երևում է, թե ինչպես է միջին տարիքի մի տղամարդ հեծանիվը վարելով, ապա՝ հրելով հեռանում:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված տղամարդուն ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մանրամասները` տեսանյութում: