Միքայել Մելքումյանը հանդիպել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկայի հետ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը հուլիսի 25-ին հանդիպել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկայի հետ:

Ողջունելով դեսպանին՝ Միքայել Մելքումյանը ներկայացրել է Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը, անդրադարձել կառավարության հակամենաշնորհային եւ հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացմանն ուղղված քայլերին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են առեւտրատնտեսական կապերին, երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների ավելացման հնարավորություններին եւ ուղիներին վերաբերող հարցեր: Առաջարկվել է կազմակերպել հայ-չեխական գործարար համաժողովներ:

Խորհրդարանի փոխնախագահն իր մտահոգությունն է հայտնել չեխական արտադրության «Դանա» ինքնագնաց հաուբիցների եւ RM-70 ՀԿՌՀ-ների Սլովակիայից Իսրայել, ապա Ադրբեջան արտահանման կապակցությամբ:

Պետր Միկիսկան նշել է, որ այդ վաճառքն իրականացնողները չեն ունեցել Չեխիայի իշխանությունների թույլտվությունը:

Հանդիպման ընթացքում դեսպանը տեղեկացրել է, որ չեխական ընկերությունները պատրաստակամություն են հայտնել ներդրումներ կատարել Վայոց ձորի մարզում երկրաջերմային էլեկտրակայան կառուցելու համար:

Մեկնաբանություններ