«Սերժ Սարգսյանն ինձ երբևէ հանձնարարական չի տվել». Ալիկ Սարգսյանն այլևս չի զբաղվելու քաղաքականությամբ

ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը վայր է դնելու մանդատը, և այլևս չի զբաղվելու քաղաքականությամբ, այսօր այս մասին լրագրողների հետ հանդպման ժամանակ հայտնեց նա՝ նշելով, որ հիասթափվել է այս ամենից:

«Ես ինձ չեմ ցածրացնի, որ գնամ ընկնեմ ժողովրդի դուռը՝ ասեմ սրան ձայն տվեք, նրան ձայն տվեք։ Որ Ազգային ժողովից դուրս եմ գալու, դա միանշանակ։ Ինձ այդ մանդատը պետք չէ։ Քաղաքականության մեջ առանձնապես չեմ եղել»,- իր խոսքում նշեց նա:

Պատգամավորի խոսքերով ինքը խաբված է եղել և հավատացել է ՀՀԿ կուսակցության կուրսին և այն բանին, որ կուսակցությունը զբաղվում է երկրի ծաղկմամբ: Վերջինս նշեց, որ ՀՀԿ-ն բաղկացած է մի քանի շերտից, որոնց կողքին կան նաև մաքուր ապրած անձինք, իսկ հեղափոխությունն իր համար զարմանալի չի եղել, քանի որ մի օր պետք է տեղի ունենար:

«ՀՀԿ–ում լիքը նորմալ մարդիկ կան, որոնք պետք են մեզ, մի ջնջեք սա։ Սա մեր անցյալի պատմության էջն է, որն ունեցել է լավ էջեր, բայց ափսոս ունեցել է նաև ամոթալի էջեր, որի համար ես էլ եմ ինձ վատ զգում»,- ասաց նա:

Վերջում նախկին ոստիկնապետը հայտնեց, որ ինքը երբեք իր խոսքի մեջ կաշկանդված չի եղել և եղել է նորմալ ոստիկանապետ, իսկ Բաղրամյան 26-ից երբեք հրահանգներ չի ստացել. «Սերժ Սարգսյանն, ում հետ ես աշխատել եմ, պաշտոնապես հայտարարում եմ՝ նա ինձ երբևէ հանձնարարական չի տվել: Հիմա վստահ չեմ կարող ասել՝ կկատարեի, թե՞ չէ, բայց չի տվել»: