Միջազգային դատարանը մերժել է Չիլիի դեմ Բոլիվիայի ներկայացրած հայցը

2013 թվականին Բոլիվիան հայց է ներկայացրել Չիլիի դեմ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ երկու երկրների միջև տարածքային վեճի վերաբերյալ բանակցություններ վարելու պահանջի մասին: Մասնավորապես՝ Բոլիվիան պահանջել է պարտավորեցնել Չիլիին բանակցություններ վարել՝ Խաղաղ օվկիանոսի հասանելիության և դեպի օվկիանոս ելքը Բոլիվիային վերադարձնելու խնդրի վերաբերյալ։

Գործի շրջանակներում Բոլիվիան Միջազգային դատարան է ներկայացրել Չիլիի հետ ունեցած երկարամյա տարածքային վեճի առնչությամբ հայցին վերաբերող բոլոր փաստաթղթերը: Այնուամենայնիվ, Միջազգային դատարանը վճռել է, որ Չիլին պարտավոր չէ բանակցություններ վարել Բոլիվիայի հետ, քանի որ 1879-1883 թվականներին տեղի ունեցած Խաղաղօվկիանոսյան պատերազմի հետևանքով Չիլին պարտության է մատնել Բոլիվիային։ Պատերազմի արդյունքում Բոլիվիան զրկվել է Անտոֆագաստի շրջանով Խաղաղ օվկիանոս ելքի հնարավորությունից: Սույն գործով որոշում կայացնելիս միջազգային դատական ատյանները հիմք են ընդունել նաև այն փաստը, որ 1904 թվականին երկու երկրները հաշտության պայմանագիր են ստորագրել, որի դրույթների համաձայն՝ Բոլիվիան դրամական փոխհատուցման դիմաց իր կամքով փոխանցել է Անտոֆագաստ նահանգը Չիլիին՝ զրկվելով դեպի Խաղաղ օվկիանոս ելքի հնարավորությունից։

Միջազգային դատարանում սույն գործով լսումների ժամանակ Չիլին իր հերթին նշել է, որ Բոլիվիայի հետ տարածքային վեճը կրագավորվել է 1904 թվականին կնքված հաշտության պայմանագրով։ Չիլիի ներկայացուցիչները նաև հավելել են, որ տեղի իշխանությունները միշտ պատրաստ են բանակցություններ վարել հարևան երկրների հետ, սակայն Չիլին պարտավոր չէ նոր քննարկումներ իրականացնել Բոլիվիայի հետ այն հարցի շուրջ, որը կարգավորվել է դեռևս 1904 թվականին։

Այսպիսով, միջազգային դատական ատյանները մերժել են դեպի Խաղաղ օվկիանոս ելքի հնարավորության մասին Չիլիի հետ բանակցություններ վարել պարտավորեցնելու պահանջով Բոլիվիայի ներկայացրած հայցը։

Մեկնաբանություններ