Ա․Բ․Վ․-ն ընդդեմ Ռուսաստանի

Դիմումատուն՝ Ա․Բ․Վ․-ն, ազգությամբ ռուս է, ծնվել է 1977 թվականին, բնակվում է Ռուսաստանի Մոսկվայի մարզի Բալաշիխա քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր երեխայի խնամքին և դաստիարակությանը մասնակցելու մասին Դատարանի կայացրած որոշմանը։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է իր դստեր հետ տեսակցության և շփման կարգ սահմանելու մասին կայացված դատական որոշումն ի կատար ածելու արդյունավետ միջոցի բացակայության մասին։ 

Համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուն բնակվել է մի կնոջ հետ։ 2010 թվականի հուլիսին ծնվել է Դիմումատուի և այդ կնոջ համատեղ դուստրը։ Մինչև 2011 թվականի հունվար ամիսը Դիմումատուն պարբերաբար տեսակցել է իր դստերը։ Հետագայում, երեխայի մայրը սկսել է խուսափել Դիմումատուի հետ հանդիպումներից, խոչընդոտել է Դիմումատուի հետ իրենց համատեղ երեխայի շփմանը, իսկ հետո նաև ամբողջովին արգելել է Դիմումատուին տեսակցել երեխային։ Այնուհետև, Դիմումատուն հայց է ներկայացրել Դատարան՝ իր երեխայի նկատմամբ դատական կարգով հայրությունը ճանաչելու և նրա հետ տեսակցության կարգ սահմանելու պահանջի վերաբերյալ։

Հայրության ճանաչման և երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու պահանջների մասին Դիմումատուի ներկայացրած հայցը վարույթ է ընդունվել 2011 թվականի հունիսին։ 2014 թվականին ավարտվել է քաղաքացիական գործով դատավարությունը։ Հիմք ընդունելով գործի շրջանակներում իրականացված ԴՆԹ գենետիկական փորձաքննության արդյունքները՝ Ռուսաստանի ներպետական դատական ատյանները հաստատել են երեխայի նկատմամբ Դիմումատուի հայրության փաստը և նրա հետ տեսակցության կարգ սահմանելու մասին կարգադրություն են արձակել։

Մի քանի տարի շարունակ Դիմումատուն՝ դատական կատարածուների օգնությամբ, փորձել է իրագործել իր դստեր հետ տեսակցության կարգ սահմանելու մասին կայացված դատական որոշումը։ Այնուամենայնիվ, երեխայի խնամքին և դաստիարակությանը մասնակցելու Դիմումատուի բոլոր փորձերը ձախողվել են, քանի որ երեխայի մայրը հրաժարվել է ի կատար ածել դատական որոշումը և ամեն կերպ խոչընդոտել է երեխային տեսակցելու Դիմումատուի իրավունքի իրականացմանը։

Մի քանի տարի անց՝ 2017 թվականի փետրվարին, Դիմումատուին հաջողվել է հանդիպել իր երեխային։ Վերջինիս մայրը կրկին խոչընդոտել է նրանց երկու հանդիպումների իրականացմանը, սակայն երրորդ հանդիպման ժամանակ երեխան հայտնել է, որ չի ցանկանում կապ պահպանել հոր հետ։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) խախտում։ Դիմումատուն բողոքել է, որ Ռուսաստանի իշխանությունները և դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինները հավուր պատշաճի չեն իրականացրել իրենց պարտականությունները։ Այսպիսով, Դիմումատուն բողոքել է իր երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու մասին Դատարանի կայացրած որոշումն իրագործելու համար հարկադիր կատարման միջոցների բացակայության մասին։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում։

Դիմումատուի հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Ռուսաստանը պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար Դիմումատուին վճարել 12․500 եվրո գումարի չափով փոխհատուցում և 2․600 եվրո՝ դատական ծախսերի համար։ Վերոգրյալ գումարները պետք է փոխարկվեն պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։