ՄԻՊ-ը մասնակցում է ՄԻԵԴ վճիռների կատարմանը

Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ և Եվրոպայի խորհրդի աջակցությամբ Երևանում նախաձեռնվել են խորհրդակցություններ՝ կապված զինծառայողների իրավունքների, կյանքի իրավունքի և խոշտանգումների արգելքին առնչվող Հայաստանի վերաբերյալ ՄԻԵԴ վճիռների կատարման հետ: ՄԻԵԴ վճիռների կատարմանը Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատության մասնակցությունը միջազգային լավագույն փորձի օրինակ է և այդ գործում Պաշտպանի մասնակցությունը կիրականացվի՝ համագործակցելով նաև պետական համակարգի ու քաղաքացիական հասարակության գործընկերների հետ:

Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի կողմից իրականացվող «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակում կազմակերպված միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան: Միջոցառումը կազմակերպվել է նաև Եվրոպայի խորհրդի Կոպենհագենի 2018 թվականի հռչակագրի կատարման շրջանակում: Քննարկմանը մասնակցել է նաև Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտի ներկայացուցիչ Վահե Դեմիրճյանը:

«Ներկայում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախապատրաստվում է հատուկ դիրքորոշում, որը կապված է զինծառայողների իրավունքների հարցով Հայաստանի վերաբերյալ ՄԻԵԴ վճռի կատարման հետ: Այն կներկայացվի Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե: Այս համատեքստում այսօրվա քննարկումը ուղղված է աշխատակազմի կարողությունների ամրապնդմանը»,- նշել է Արման Թաթոյանը:

Խորհրդակցության ժամանակ Պաշտպանի աշխատակազմին են ներկայացվել ՄԻԵԴ վճիռների կատարման ընթացակարգը և այդ գործընթացին մարդու իրավունքների ազգային հաստատության մասնակցության առանձնահատկությունները:

Հիշեցնենք, որ վերջերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի միջնորդությունը, և Պաշտպանը ներգրավվել է երրորդ կողմ Հակոբյանն ընդդեմ Հայաստանի գործով, ինչը մարդու իրավունքների ազգային հաստատության կողմից միջազգային փորձի լավագույն օրինակ է:

Մեկնաբանություններ