Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ավանդական ծրագիրը, որին այս տարի մասնակցում են 16 երկրներից ժամանած ավելի քան վեց տասնյակ մանկավարժներ:
Վերապատրաստման ծրագրի մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը` կարևորելով դպրոցի դերակատարումը հանրային կյանքում. «Նոր Հայաստանում ուսուցչի կերպարը պետք է զարթոնք ապրի` ապահովելով այն բարձր չափանիշները, որոնց վրա պետք է հիմնվեն դպրոցն ու կրթությունը, ուսուցչի գործի գրավչությունը: Վերջերս Լիբանան կատարած այցի ժամանակ ականատես եմ եղել, թե ինչ մեծ ոգևորություն կա հայկական սփյուռքում` նոր Հայաստանի ապագայի հետ կապված: Դուք այն եզակի ընտրյալներն եք, ում այս պահին բախտ է վիճակվել գալ Հայաստան` նոր իրողության պայմաններում: Այս տեսանկյունից դուք տեսնելու եք նոր իրավիճակ, ինչը չեն տեսել այս ծրագրի նախորդ մասնակիցները»-նշել է նախարարի տեղակալը: Նա խորհրդանշական է համարել, որ վերապատրաստման ծրագրի մասնակիցները մեծ մասամբ հայոց լեզվի և գրականության մասնագետներ են. «Սփյուռքում գլխավոր խնդիրը հայապահպանությունն է, որը դարձել է գլոբալ մարտահրավեր քրիստոնեական միջավայրերում, որտեղ ձուլման վտանգն ավելի մեծ է, մասնավորապես Ռուսաստանում, ԱՄՆ-ում, եվրոպական երկրներում, որտեղ երկրորդ-երրորդ սերունդն այլևս հայերեն չի խոսում: Այս իմաստով ամենամեծ պատասխանատվությունը դրված է մանկավարժների վրա ինչպես պետության, այնպես էլ սփյուռքի մեր հայրենակիցների կողմից: Միանշանակ է, որ սփյուռքը Հայաստանի կարևորագույն ներուժն է, միաժամանակ ակնհայտ է, որ առանց Հայաստանի սփյուռքը գոյատևել չի կարող»,-իր խոսքում նշել է Հովհաննես Հովհաննիսյանը և մաղթել արդյունավետ մասնագիտական դասընթաց:
Ներկաներին ողջույնի խոսք են ուղղել նաև Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռ. Միրզախանյանը, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Ա. Մելքոնյանը, արքեպիսկոպոս Տեր Նաթան սրբազան Հովհաննիսյանը և ԳԱԱ թղթակից անդամ Ա. Դոլուխանյանը:
Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով, տարբեր ծրագրերով աշխատող սփյուռքահայ դպրոցների մանակավարժների համար: Վերապատրաստման ծրագիրը կանցկացվի աշխատանքային 6 խմբերով, որը կավարտվի հուլիսի 27-ին: