Հրդեհավտանգ գոտիներում պետք է սահմանվի խիստ վերահսկողություն. խորհրդակցություն ԱԻՆ-ում

Հուլիսի 2-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանն անդրադարձավ բարձր ջերմային ֆոնով պայմանավորված հրդեհների առաջացման խնդրին և ձեռնարկվող միջոցառումներին: Ծառայության տնօրենը նշեց, որ օրերս Հայաստան-Նախիջևան սահմանին բռնկված հրդեհի հետևանքով այրվել է 100հա խոտածածկ տարածք, բայց հրշեջ-փրկարարներին հաջողվել է վերահսկել կրակը և կանխել դեպի անտառածածկ տարածքներ հասնելը: Տվյալ պահին իրավիճակը վերահսկվում է:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են եղել նաև Պաշտպանության նախարարության ստորաբաժանումների աշխատակիցները: Անդրադառնալով հաշվետու ժամանակահատվածում գրանցված այլ հրդեհների՝ գնդապետ Նահապետյանը նշեց, որ Կոտայքի մարզում գրանցվել է 40 հրդեհ, որից 4-ը սպասարկվել է Երևանի հրշեջ-փրկարարական ուժերով: Հրդեհների առաջացման պատճառ է հանդիսացել նաև  հանգստի վայրերում քաղաքացիների անզգույշ վարքը:

Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տնօրեն Լևոն Վարդանյանը ներկայացրեց առաջիկա եղանակի կանխատեսումը: Տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ մինչ հուլիս 5-ը հանրապետության տարածքում սպասվում է 42 աստիճան տաքություն՝ ստեղծելով հրդեհավտանգ իրավիճակ, իսկ հուլիսի 6-ից ջերմաստիճանը կնվազի 1-2 աստիճանով:

Նախարար Հ. Ռոստոմյանը հանձնարարեց շահագրգիռ գերատեսչությունների հետ քննարկել և ներկայացնել առաջարկություններ՝ հրդեհների կանխարգելման ու վերահսկողության ուղղությամբ, ինչպես նաև՝ ակտիվացնել տեղեկատվական աշխատանքները բնակչության շրջանում՝ ուշադրություն դարձնելով բնության գրկում հանգստի կազմակերպման վարքականոններին:

ՀՀ ԱԻ փոխնախարար Ա. Նազարյանը զեկուցեց, որ շարունակվում են գազի ներտնային սպասարկման ծառայությունը պետական հատված բերելու աշխատանքները: Այդ կապակցությամբ՝ նախարարը հանձնարարեց անել հնարավորը, որպեսզի գազի ներտնային սպասարկման անվտանգության վերահսկողությունը գտնվի ԱԻ համակարգի տիրույթում, ինչպես նաև՝ ներկայացնել առաջարկություններ՝ ձեռնարկություններում և ժամանցային վայրերում գազի մատակարարման հետ կապված հարցերը կարգավորելու ուղղությամբ:

ՀՀ ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Վ. Օհանյանն անդրադարձավ ԱԻ համակարգում ծառայություններ մատուցող ընկերությունների մենաշնորհային դիրքին, նշեց, որ կազմվել են համապատասխան արձանագրություններ և այս պահին դաշտը բաց է նոր համագործակցությունների համար:

Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրնն իր զեկույցում նույնպես անդրադարձավ բարձր ջերմային ֆոնով պայմանավորված արտակարգ պատահարներին: Վ. Գևորգյանը նշեց, որ հնարավոր են և արդեն գրանցվել են գազաբալոնների պայթյուններ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շահագործվող գազաբալոնների մոտ 60% խորհրդային արտադրության է և հենց այդ գազաբալոններն էլ գտնվում են ռիսկային խմբում:

Խորհրդակցության ավարտին նախարարը մի շարք հանձնարարականներ տվեց. Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությանը հանձնարարվեց մինչ նոր ուսումնական տարվա մեկնարկը ավարտել դպրոցների սեյսմիկ վիճակի գնահատումը և ներկայացնել արդյունքները:

Նախարար Հ. Ռոստոմյանը նշեց, որ ՀՀ ԱԻ համակարգը թևակոխում է պատասխանատու մի շրջան, որտեղ անհրաժեշտ է բոլոր օղակների զգոնությունն ու պատրաստականությունը: Նախարարը նշեց, որ անհրաժեշտ է վերանայել աշխատանքները, հաշվառել տեխնիկական և մարդկային բոլոր ռեսուրսները, լրացնել բացթողումները՝ արտակարգ իրավիճակներից խուսափելու և դրանց դիմակայելու նպատակով: