Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը, որը կշարունակվի մինչև սեպտեմբերի 21-ը: Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել են «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», ՀՅԴ, «Հայք», «Երկիր ծիրանի», «Ռեֆորմիստների», «Ժողովրդավարական ուղի», «Օրինաց երկիր» կուսակցությունները, «Իմ քայլը», «Երևանցիներ», «Երևանի հանրություն», «Լույս» դաշինքները:
«Ժառանգության» համամաս նական ցուցակը գլխավորում է Րաֆֆի Հովհաննիսյանը:«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածուն Արտակ Զեյնալյանն է, իսկ «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուն Հայկ Մարությանն է: «Իմ քայլը» դաշինքը քարոզարշավը կսկսի Էրեբունի վարչական շրջանից: Դաշինքի ավագանու համամասնական ցուցակի ներկայացուցիչներն օրվա ընթացքում բակային հանդիպումներ կունենան:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է: Հայ Յեղափոխական Դաշնակցության համամասնական ցուցակը գլխավորում է Միքայել Մանուկյանը: «Երևանի հանրություն» դաշինքի քաղաքապետի թեկնածուն Անահիտ Թարխանյանն է:
«Հայք» կուսակցությունը քարոզարշավը սկսելու է Երևանի տարբեր հատվածներում նախընտրական բուկլետներ բաժանելով: Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Գևորգ Հովսեփյանը:
«Ռեֆորմիստների» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Արտակ Ավետյանն է, իսկ «Ժողովրդավարական ուղի» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Մանուել Գասպարյանն է:
«Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Մհեր Շահգելդյանը: «Երկիր ծիրանի» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Զարուհի Փոստանջյանը:
«Երևանցիներ»դաշինքի քաղաքապետի թեկնածուն Արարատ Զուրաբյանն է:
Առաջիկա 11 օրերի ընթացքում Երևանի ավագանու ընտրությունների մասնակից քաղաքական ուժերը երևանցիներին կներկայացնեն իրենց նախընտրական ծրագրերը:
Հավելենք, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չի մասնակցում Երևան քաղաքանի ավագանու ընտրություններում, այդպիսով, չունի քաղաքապետի իր թեկնածուն: