ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնած փաստաբան Հրանտ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հրաժարվում է վերջինիս իրավաբանական օգնություն տրամադրել, քանի որ գործում բացի ապօրինաբար զենք-զինամթերք պահելու կասկածանքից, գործում առկա են այլ հանգամանքներ: Ստորև ներկայացնում ենք փաստաբանի գրառումը ամբողջությամբ.
«Երեկ Վարչապետի ելույթից, ինչպես նաև երեկոյան ԱԱԾ տեսանյութի հրապարակումից հետո եկել եմ անակնկալի, որ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնելու պահին՝ խմբի կազմում ապօրինաբար զենք-զինամթերք պահելու կասկածանքից բացի, գործով առկա են այլ հանգամանքներ, որոնց մասին մինչ այդ տեղեկացված չեմ եղել, անգամ նախաքննության մարմինը նման կասկածանք առաջադրած չի եղել և նյութ չի տրամադրել։ Ներկա պայմաններում նպատակահարմար չեմ գտնում այլևս շարունակելու իրականացնել Մ.Գրիգորյանին իրավաբանական օգնություն ցույց տալը, և իմ առաջարկությամբ Մ.Գրիգորյանի համաձայնությամբ (ինչն օրենքով պարտադիր է) նախաքննության մարմինը քիչ առաջ արձանագրեց այդ փաստը, և ես դադարել եմ նրա պաշտպանը լինելուց»:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հանցավորության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ՀՀ Քր. օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ս.թ. հունիսի 16-ին խուզարկություն է իրականացրել ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված վերջինիս պատկանող առանձնատանը: