Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից վարկեր ստանալու ժամանակ պետությունները պետք է ձեռնարկեն բոլոր միջոցները, որպեսզի պետությանը հատկացված միջոցներն օգտագործվեն ժողովրդի օգտին և բարեփոխումների իրականացման համար։ Հարկավոր է կանխել միջազգային կազմակերպությունների կողմից հատկացված միջոցների շահագործումը կոռումպացված պաշտոնյաների կողմից և այդ միջոցներով օֆշորային բիզնեսի ֆինանսավորումը: Ի վերջո, պետք է հիշել, որ պետության պարտքերը վճարվում են պետական բյուջեից:
Հաջորդ շաբաթ ՄԱԿ-ի փորձագետը վերլուծություն կներկայացնի, թե ինչպես է Ուկրաինան հաղթահարում պետության արտաքին պարտքերի հետ կապված խնդիրները:
Մայիսի 14-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ՄԱԿ-ի միջազգային արդար կարգի տարածման ու արտաքին պարտքի հարցերով անկախ փորձագետ Խուան Պաբլո Բոգոսլավսկին պաշտոնական այցով կմեկնի Ուկրաինա՝ երկրում կոռուպցիայի դեմ պայքարելու մեթոդները և գործընթացը հսկելու նպատակով։ Նա ուսումնասիրություն կիրականացնի, թե ի՞նչ միջոցներ են ձեռնարկում երկրի իշխանությունները՝ կոռուպցիայի դեմ պայքարելու համար, ինչպես նաև կպարզի, թե արդյոք Ուկրաինայի արտաքին պարտքերը վերադարձնելու համար նախաձեռնած միջոցները չե՞ն խախտում մարդկանց իրավունքները։
Պաբլո Բոգոսլավսկին բազմիցս շեշտել է իր զեկույցներում, որ պետության արտաքին պարտքի մարումը չպետք է հանգեցնի մարդու իրավունքների խախտումների և սոցիալական նոր խնդիրների առաջացման։
«Ես կայցելեմ Ուկրաինա՝ նախագահ Պորոշենկոյի հրավերով և անհամբեր սպասում եմ Ուկրաինայի իշխանությունների, քաղաքացիական հասարակության և երկրում գործող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ իմ հանդիպմանը»,- ասել է Պաբլո Բոգոսլավսկին։ Ուղևորության նախօրեին վերջինս նաև հավելել է, որ իր այցելության նպատակն է՝ վերլուծել, թե ինչպե՞ս է Ուկրաինան տնտեսական քաղաքականության խնդիրները կարգավորելու շրջանակներում ապահովում մարդու իրավունքների հիմնական չափանիշների իրականացման կարգը։
Մայիսի 23-ին Կիևում տեղի կունենա մամուլի ասուլիս, որի ժամանակ ՄԱԿ-ի անկախ փորձագետը կներկայացնի իր նախնական եզրակացությունները, իսկ հաջորդ տարվա մարտին Ժնևում նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կներկայացնի իր զեկույցը՝ Ուկրաինայի ներքաղաքական և տնտեսական հիմնախնդիրների և երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի վերաբերյալ։