Այս տարվա սեպտեմբերի 10-ին Ժնևում տեղի կունենա Մարդու իրավունքների խորհրդի 39-րդ նստաշրջանի բացումը։ Հայտնի է, որ նստաշրջանին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը կքննարկի ներկայիս իրավիճակը Ուկրաինայում, Եմենում, Սիրիայում, Հարավային Սուդանում, Լիբիայում և այլ տասնյակ պետություններում: Նիստի բացմանը առաջին անգամ ելույթով հանդես կգա ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նորանշանակ Գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը։
47 անդամ պետությունների պատվիրակությունները նիստին կքննարկեն նաև տարեց անձանց իրավունքների պաշտպանության հարցը, ստրկության ժամանակակից ձևերի դեմ պայքարի միջոցները և մարդու իրավունքների վրա միակողմանի պատժամիջոցների բացասական ազդեցության կանխարգելումը:
Ավելի վաղ, ՄԱԿ-ի փորձագետներն ուսումնասիրություն են իրականացրել և զեկույց են պատրաստել՝ Մյանմայում, Սիրիայում և Հարավային Սուդանում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Նրանց եզրակացությունները կքննարկվեն սեպտեմբերի 17-ին։ Ուկրաինայի և Եմենի մասին ինտերակտիվ քննարկումները նիստի շրջանակներում տեղի կունենան սեպտեմբերի 25-ին։ Մարդու իրավունքների խորհրդի 39-րդ նստաշրջանը կավարտվի սեպտեմբերի 28-ին։
Ներկայումս Ռուսաստանը չի անդամակցում Մարդու իրավունքների խորհրդի կազմին, սակայն ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչը կմասնակցի նիստերին։ Իսկ ԱՄՆ-ն ներկա չի լինելու նստաշրջանին՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհուրդը լքելու որոշման պատճառով։
Նշենք, որ Մարդու իրավունքների խորհուրդը հիմնադրվել է 2006 թվականի մարտի 15-ին։ Այն կազմված է 47 անդամ պետություններից, որոնք Գլխավոր ասամբլեայի կողմից ուղղակիորեն և առանձին-առանձին ընտրվում են գաղտնի քվեարկության միջոցով: Խորհրդի անդամ պետություններն ընտրվում են երեք տարի ժամկետով և վերընտրվելու իրավունք չունեն իրար հաջորդող երկու ժամկետների ավարտից անմիջապես հետո։ Խորհուրդը շվեյցարական Ժնև քաղաքի Ազգերի պալատում հանդիպում է տարեկան առնվազն երեք լիագումար նստաշրջաններով՝ առնվազն 10 շաբաթ ընդհանուր տևողությամբ, իսկ Խորհրդի հիմնական (չորսշաբաթյա) նստաշրջանը սովորաբար անց է կացվում մարտ ամսին: