ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ողջունել է Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին «պատմական» հռչակագրի ստորագրումը

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը ողջունել է Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի ընդունումը: Կասպյան ավազանի 5 երկրների՝ Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Թուրքմենստանի ղեկավարները ստորագրել են փաստաթուղթը ղազախական Ակտաու քաղաքում։ Այս կապակցությամբ ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղարը և նույնպես ողջունել է հռչակագրի ստորագրումը։

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ այս պատմական փաստաթուղթը ցույց է տալիս տարածաշրջանային համագործակցության կարևորությունը, որն անհրաժեշտ է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար։ Նրա խոսքերով՝ կոնվենցիան կարող է մեծ ներդրում ունենալ Կասպից ծովի երկրների միջև առկա վեճերի կարգավորման գործընթացում, ինչպես նաև՝ կարևոր քայլ է տարածաշրջանում առկա լարվածությունը նվազեցնելու գործում: Գլխավոր քարտուղարը շնորհավորել է հինգ պետություններին տարածաշրջանային համագործակցության և բազմակողմ հարաբերությունների զարգացման գործընթացում կարևոր պատմական ձեռքբերում գրանցելու համար։

Հիշեցնենք, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի շուրջ բանակցությունները սկսվել են Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ Կասպից ծովում առաջացել են անկախ պետություններ, որոնցից յուրաքանչյուրը ծովի և նրա բնական հարստությունների բաժանման վերաբերյալ սեփական մոտեցումն ունի:

Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին ստորագրված փաստաթղթի համաձայն՝ Կասպից ծովի ջրային մակերեսի ընդհանուր տարածքը պետք է մնա կողմերի ընդհանուր օգտագործման համար, իսկ հատակը և ընդերքը պետք է բաժանվեն հարևան պետությունների միջև միջազգային իրավունքի հիման վրա՝ նրանց միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն: Փորձագետները կարծում են, որ կոնվենցիան կհեշտացնի նավթի և գազի որոնման, արդյունահանման և փոխադրման գործընթացները տարածաշրջանում:

Մեկնաբանություններ