ՄԱԿ-ը շնորհավորել է Իրաքի ժողովրդին խորհրդարանական ընտրությունների  կապակցությամբ

Մայիսի 13-ին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը շնորհավորել է Իրաքի ժողովրդին՝ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առթիվ։ Նա նշել է,  որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման (ISIS) դեմ տարած ռազմական հաղթանակից հետո այդ ընտրությունները կարող են նոր հաջողություններ բերել երկրին՝ իրաքյան ժողովրդավարական հասարակության ձևավորման համար։

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ողջունել է իրաքցիների, երկրի իշխանությունների, պետական պաշտոնյաների և անվտանգության ուժերի ջանքերը՝  խաղաղ ընտրություններ անցկացնելու գործում։ Նա բարձր է գնահատել իրաքցիների մասնակցությունն ընտրություններին և շեշտել է, որ չնայած երկրի ներսում առկա բարդ իրավիճակին՝ Իրաքի բնակիչները հասել են ընտրատեղամաս և մասնակցել ընտրություններին։

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը կոչ է արել Իրաքի բոլոր քաղաքական գործիչներին և նրանց կողմնակիցներին հարթել նրանց միջև առկա տարաձայնությունները խաղաղ ճանապարհով՝ օգտագործելով իրավական մեխանիզմներ։ Նա նաև հորդորել է կարճ ժամկետում ավարտել ընտրական գործընթացը և Իրաքում ընդգրկուն կառավարություն ձևավորելու համար աշխատանքներ իրականացնել։