ՄԱԿ-ը կոչ է արել Ուկրաինային հետաքննել Իլովայսկի ողբերգության ժամանակ տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումները

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը կոչ է արել Կիևին հետաքննել Ուկրաինայի Դոնեցկի մարզում գտնվող Իլովայսկ քաղաքում 2014 թվականին տեղի ունեցած ողբերգության արդյունքում կատարված մարդու իրավունքի խախտումները։

Հիշեցնենք, որ 2014 թվականի օգոստոսին ուկրաինական գումարտակները Իլովայսկ քաղաքում իրականացվող ռազմական գործողությունների ժամանակ լուրջ կորուստներ են կրել: Այնուհետև, քրեական գործ է հարուցվել, և հետաքննություն է սկսվել։ Ուկրաինայի Գերագույն ռադայի քննչական հանձնաժողովը եզրակացրել է, որ Իլովայսկում տեղի ունեցած ողբերգության մեծաթիվ զոհերի պատճառ են հանդիսացել կադրային սխալ նշանակումները։

Ուկրաինայի Գլխավոր դատախազության հայտնած տեղեկությունների համաձայն՝ Իլովայսկի ողբերգության արդյունքում մահացել է 366 ուկրաինական զինվոր, 429 զինվոր ծանր մարմնական վնասվածքներ է ստացել, 300 զինվոր գերի է ընկել, իսկ ուկրաինական բանակը ռազմական տեխնիկայի զգալի կորուստ է կրել (մոտ 11․6 մլն դոլար):

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի ներկայացուցիչը հայտարարել է, որ պատրաստվում է զեկույց ներկայացնել ՄԱԿ-ին՝ Իլովայսկի ողբերգության ժամանակ տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ և ռազմական գործողությունների արդյունքում տուժած խաղաղ բնակչության վերաբերյալ։ Նրա խոսքերով՝ ողբերգությունից արդեն չորս տարի է անցել, սակայն Ուկրաինայի իշխանությունները Իլովայսկի գործով հետաքննությունը հավուր պատշաճի չեն իրականացրել և լուրջ քայլեր չեն ձեռնարկել՝ մարդու իրավունքների խախտումները կանխելու ուղղությամբ։ ՄԱԿ-ի ներկայացուցիչը կոչ է արել Ուկրաինայի իշխանություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Ուկրաինայում տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումները բացահայտելու, ինչպես նաև՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և տուժած անձանց փոխհատուցում հատկացնելու ուղղությամբ։

Օրեր առաջ ՄԱԿ-ի հատուկ առաքելության խումբը մեկնել է Իլովայսկ և խախտումների մասին հարցաքննել է քաղաքի բնակիչներին։ Մարդու իրավունքների ոտնահարումների և միջազգային հումանիտար իրավունքի նորմերի խախտումների վերաբերյալ ՄԱԿ-ի զեկույցի հիմքում ընկած են վկաների ցուցմունքները։

Հիշեցնենք նաև, որ Ուկրաինայի Դոնեցկ մարզի Իլովայսկի ռազմական գործողությունները սկսվել են 2014 թվականի փետրվարին՝ Կիևում տեղի ունեցած պետական հեղաշրջման հետևանքով։ Համապատասխան ժամանակահատվածում Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ ուկրաինական բանակը ռազմական գործողություններ է իրականացնում ահաբեկչական խմբավորումների դեմ, և դրանք կավարտվեն շատ կարճ ժամանակահատվածում։ Այնուամենայնիվ, տարածաշրջանում դեռևս շարունակվում են ռազմական գործողությունները։

Մեկնաբանություններ