Մազեպան և ուրիշներն ընդդեմ Ռուսաստանի

Գործը վերաբերում է 2006 թվականին տեղի ունեցած ռուս լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի հետաքննությանը։

Դիմումատուները՝ Ռաիսա Մազեպան, Ելենա Կուդիմովան, Վերա Պոլիտկովսկայան և Իլյա Պոլիտկովսկիյը, ազգությամբ ռուս են, ծնվել են համապատասխանաբար 1929, 1957, 1980 և 1978 թվականներին և բնակվում են Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում։ Դիմումատուները համապատասխանաբար հանդիսանում են սպանված լրագրողի մայրը, քույրը և երեխաները։

Ռուս լրագրող Աննա Պոլիտկովսկայան սպանվել է 2006 թվականի հոկտեմբերին Մոսկվայում գտնվող բազմաբնակարանային շենքի վերելակում՝ հրազենային կրակոցից։ Նա ճանաչված հետաքննող լրագրող էր։ Պոլիտկովսկայան իր հեղինակային հոդվածներում բացահայտել է Չեչնիայում համապատասխան ժամանակահատվածում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները, մարդկանց իրավունքների խախտումները և Չեչնիայի իշխանությունների կողմից իրականացվող հանցագործությունները։ Լրագրողին քննադատել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքական գործունեությունը։

Լրագրողի սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, և տեղի իշխանություններն անմիջապես սկսել են հետաքննություն վարել։ Քրեական գործի շրջանակներում իրականացվող հետաքննության արդյունքում բազմաբնակարանային շենքի շքամուտքի աստիճանների վրա հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ և խլացուցիչ։ Հայտնի լրագրողի սպանության կասկածանքով մեղադրանք է առաջադրվել 4 տղամարդու՝ երկու եղբայրներին, Ռուսաստանի ոստիկանության աշխատակցին և ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակցին։ 2009 թվականի փետրվարին Ռուսաստանի Ներպետական դատական ատյանները դատապարտել են սպանություն գործելու կասկածանքով մեղադրվող 4 անձանց և նրանց արդարացնելու մասին որոշում են կայացրել։ Հետագայում, գործի հետաքննության շրջանակներում սպանության կասկածանքով մեղադրանք է առաջադրվել նախկինում դատապարտված 5 տղամարդկանց, ներառյալ՝ երկու եղբայրների և ոստիկանության աշխատակցի։

2014 թվականի մայիսին Մոսկվայի քաղաքային դատարանը առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար դատապարտել է 5 անձանց։ Դատարանը պարզել է, որ դատապարտյալներից մեկը լրագրողին սպանելու մասին նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել իրականացված հանցագործության գլխավոր կազմակերպչի հետ, որը իր դժգոհությունն է հայտնել լրագրողի հեղինակային հոդվածների և աղմկահարույց բացահայտումների վերաբերյալ։ Այսպիսով, Մոսկվայի քաղաքային դատարանը հանցագործության կազմակերպչին և սպանություն գործած անձին դատապարտել է ցմահ ազատազրկման, իսկ հանցագործության կատարմանը մասնակցող մյուս 3 անձանց՝ 12-ից 20 տարվա ազատազրկման։

2012 թվականի դեկտեմբերին լրագրողի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է նաև ՌԴ Ներքին գործերի նախարար և բարձրաստիճան պաշտոնյա։ Ավելի վաղ, վերջինս խոստովանել է հանցագործության կատարմանն  իր մասնակցության մասին։ Այնուհետև, նա դատապարտվել է 11 տարվա ազատազրկման:

Դիմումատուները բողոքել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) խախտում։ Դիմումատուները բողոքել են, որ Պետությունը և տեղի իրավապահ մարմինները պատշաճ կերպով չեն իրականացրել լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի հետաքննությունը և չեն պարզել, թե ով է իրականում պատվիրել և վճարել բազմաթիվ հանցագործություններ բացահայտած լրագրողի մեծ աղմուկ առաջացրած սպանությունը։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում։