«Ձեր ջանին, դիրքին եմ նայում ինձ լավ եմ զգում, բայց արած գործից մարդու ըխքը գալիսա»․ Արայիկ Խանդոյանը դիմեց դատախազին

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանում ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման 10 անդամների գործով դատական նիստը դեռ չսկսած ընդմիջվեց։

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը դատարանին հայտնեց, որ իր պաշտպանյալն իրեն լավ չի զգում, գլխացավեր ունի և անհրաժեշտ է շտապօգնություն կանչել, ինչի համար դատավորը որոշեց մի քանի րոպեով ընդմիջել նիստը։

Ընդմիջման ավարտից հետո դատավորը կողմերին հայտնեց, որ կանչվել է շտապօգնություն, Խանդոյանին համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել և այս պահին կարող են նիստը շարունակել։

Այնուհետև փաստաբան Հայկ Ալումյանը  ներկայացրեց միջնորդություն սույն գործից անռանձացված 3 մասերը միացնելու և մեկ վարույթում քննելու վերաբերյալ։ Նշենք, որ նախորդ նիստի ժամանակ ևս փաստաբանը հանդես էր եկել նույն միջնորդությամբ, սակայն հրաժարվել էր՝ պաշտպանների բացակայության պատճառով։ Ներկայացված միջնորդությանը միացան բոլոր պաշտպանները, սակայն առարկեց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը։

«Ձեր ջանին, դիրքին եմ նայում ինձ լավ եմ զգում, բայց արած գործից մարդու ըխքը գալիսա»,- ի պատասխան դատախազի առարկությանն ասաց Արայիկ Խանդոյանը, որից հետո սկսեցին խոսել նաև խմբավորման մյուս անդամները։

Դատավոր Մեսրոպ Մակյանն ամբաստանյալներին հորդորեց խոսափողները տեղը դնել և այլևս չխոսել առանց դատարանի թույլտվության, հակառակ դեպքում ինքը կկարգադրի հավաքել բոլոր խոսափողները․ «Տեսեք չեմ արել, բայց կանեմ, լուրջ եմ ասում»։ Ի պատասխան դատավորի այս հայտարարությանը Արայիկ Խանդոյանն ասաց․ «Ինչ, քո կարծիքով վախենո՞ւմ ենք»։

«Մենք էս մարդուն չենք ուզում տեսնենք, որովհետև տեսնում ենք կանխակալ մոտեցում նրա կողմից։ Մենք էդ մարդու մեջ ավելի շատ պետական դավաճան ենք տեսնում, քան թե պետական մեղադրող։ Պարո´ն դատավոր, դուք ասում եք դատարանում մի վիրավորեք, ես դրան կողմնակից եմ, բայց, երբ դուք վիրավորում եք մեզ, ո՞ւր է ձեր ինքնասիրությունը։ Իմ կարծիքն այն է, որ ձեզ չի կարելի վստահել»,- դատավորին դիմեց Պավել Մանուկյանը։

Դատավորն այս անգամ ևս զգուշացրեց տեղից չխոսել․ «Եթե աշխատանքային մթնոլորտ չստեղծվեց պարտավոր եմ իմ ասածն իրականացնել։ Էն որ դուք համաձայն չեք, դա չի նշանակում, որ դուք ճիշտ եք»։

Այնուհետև փաստաբան Հայկ Ալումյանը ներկայացրեց մեկ այլ միջնորդություն՝ իրենց տրամադրել սույն քրեական գործի նյութերը․ «Եթե սա նոր քրեական գործ է, այդ դեպքում դուք պետք է մեզ տրամադրեք դրանք»։ Մյուս պաշտպանները ևս խնդրեցին դատարանին տրամադրել սույն գործի նյութերը և ստեղծել պայմաններ, որպեսզի իրենց պաշտպանյալները ևս կարողանան դրանք ուսումնասիրել։ Երկար քննարկումներից հետո դատավորը հայտնեց, որ միջոցներ կձեռնարկի այդ ուղղությամբ։

Միջնորդությամբ հանդես եկավ նաև ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանը։ Վերջինս դատարանին խնդրեց փոխել իր պաշտպանյալի խափանման միջոցը՝ նշելով, որ ազատության մեջ գտնվելով,  իր պաշտպանյալը չի խոչընդոտի դատավարության ընթացքին։

Շուրջ 45 րոպե տևած ընդմիջումից հետո՝ դատարանը որոշեց մերժել խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը։

Հաջորդ  դատական նիստը կկայանա նոյեմբերի 22-ին։

Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 17-ին «Սասնա Ծռեր» խմբավորման  անդամները զինված հարձակում էին գործել ՊՊԾ գնդի վրա:

Նյութը՝ Ելենա Արամյանի

Մեկնաբանություններ