ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը վստահեցնում է, որ անպատժելիությունն այլևս պատմություն է

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է՝

«Անպատժելիությունն այլեւս պատմություն է:

Մեր երկրում ձեւավորված նոր պատմական իրավիճակում ռազմաքաղաքական ղեկավարության արմատական դիրքորոշումն է արդարության եւ օրինականության գերակայության ապահովումը, կոռուպցիայի, ամենաթողության ու անպատժելիության դեմ անզիջում պայքարը:

Վերջին օրերի աղմկահարույց իրադարձություններն անմասն չթողեցին նաեւ զինված ուժերը: Նմանօրինակ բացահայտումները ոչ միայն հասարակության շրջանում վստահության բարձրացման նախադրյալ հանդիսացան, այլեւ ազդակ՝ դրանց բացառման նպատակով սկզբունքային եւ հետեւողական աշխատանքներ տանելու համար:

Վստահեցնում եմ, որ զինված ուժերը՝ հավատարիմ մնալով իր առաքելությանը, հետայսու եւս անշեղորեն կիրականացնի Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության ապահովման սահմանադրական գործառույթը՝ օպերատիվ արձագանքելով ու անհաշտ պայքար մղելով անգամ աննշան թվացող իրավախախտումների դեմ, որում ակնկալում ենք նաեւ հասարակության գործուն աջակցությունը»:

Մեկնաբանություններ