ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը վերացրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության հաղորդման և «Հետք» լրատվական կայքում զետեղված հրապարակման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության սեպտեմբերի 22-ի որոշումը:
Այս մասին նշված է ՀՀ դատախազության մամուլի հաղորդագրությունում:
Մասնավորապես, գլխավոր դատախազը, ուսումնասիրելով «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության հաղորդման և «Հետք» լրատվական կայքում զետեղված հրապարակման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերը և ստուգելով քրեական գործ հարուցելը մերժելու մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչի սեպտեմբերի 22-ի որոշման օրինականությունը, որոշում է կայացրել դեպքի առթիվ հարուցել քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Հոդված 164. Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչնդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով):
Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին ԱԺ գլխավոր մուտքի դարպասներին փակցված «Բարև Ռոբ» գրությամբ պաստառը պոկելուց հետո խորհրդարանի անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանը փորձել էր հրել նկարահանում կատարող՝ «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մարինե Խաչատրյանին: Վերջինիս՝ որպես լրագրող ներկայանալուց հետո Հայրապետյանը հարվածել էր նրա ձեռքին և գցել նկարահանող սարքը: