ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին

Հունվարի 17-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ գումարել է արտահերթ նիստ: Օրակարգում ՀՀ կառավարության կողմից անհետաձգելի ճանաչված «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն էր: Հիմնական զեկուցող ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը հանձնաժողովականներին է ներկայացրել նախատեսվող փոփոխությունները:

Նախագծի ընդունմամբ հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգի պահպանությունը, ճանապարհային երթեւեկության անվտանգությունն ապահովելիս ոստիկանության ծառայողներին իրավունք կվերապահվի օգտագործելու տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ: Ոստիկանության ծառայողը գործընթացը պետք է իրականացնի բացառապես ծառայողական սարքավորումներով:

Ինչպես նշել է Վարդան Եղիազարյանը, սահմանվել են պարտադիր նախազգուշացման եղանակները նաեւ տեսանյութերը, լուսանկարները պահելու առավելագույն ժամկետները: Շարժական տեսաձայնագրող, լուսանկարահանող տեխնիկական միջոցների օգտագործման պարագայում պետք է ծանուցվի բանավոր, իսկ անշարժ սարքավորումների դեպքում՝ համապատասխան վայրերում պետք է տեղադրվեն տեղեկատվական ցուցանակներ կամ էլ տվյալ վայրերի հասցեները հրապարակվեն ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում: Նիստում հիմնական զեկուցողը փաստել է, որ նախագծում տվյալների պահպանման ժամկետ կսահմանվի 7 օր, որից հետո դրանք կոչնչացվեն:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:

 

Մեկնաբանություններ