ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Սերբիայի Ազգային ժողովի նախագահի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 15-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչի հետ:

Արա Բաբլոյանը, ողջունելով Մայա Գոյկովիչին, կարևորել է Միջխորհրդարանական միության շրջանակում հանդիպելու հնարավորությունը: ՀՀ ԱԺ նախագահն անհրաժեշտ է համարել երկկողմ հարաբերությունների շարունակական կատարելագործումը՝ հիմք ընդունելով հայ-սերբական բարեկամական հարաբերությունների բազմամյա պատմությունը: Խորհրդարանի ղեկավարը կարևորել է երկու երկրների օրենսդիր մարմինների միջև ակտիվ երկխոսության ձեւավորումը, բարեկամական խմբերի փոխայցերը, որոնք կարող են նպաստել Հայաստանի եւ Սերբիայի միջև ոչ միայն երկկողմ, այլ նաև միջազգային կառույցներում համագործակցության զարգացմանն ու մի շարք հարցերի շուրջ համաձայնեցված աշխատանքին:

Անդրադառնալով տարածաշրջանային հիմնախնդիրներին՝ Արա Բաբլոյանը վերահաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծումը հայկական կողմը տեսնում է միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

«Մեր երկիրը կարևորում է փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանն ուղղված միջոցառումների իրականացումը՝ շփման գծից դիպուկահարների հետքաշումը, պատահարների հետաքննման մեխանիզմների ստեղծումը, զինադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված ջանքերը»,-ասել է պարոն Բաբլոյանը:

Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նույնպես կարևորել է երկու երկրների միջխորհրդարանական համագործակցության խորացման անհրաժեշտությունը, տարբեր հարթակներում փոխգործակցությունը:

Խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին՝ Մայա Գոյկովիչը փաստել է, որ Սերբիան պաշտպանում է Հայաստանի՝ ղարաբաղյան խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու դիրքորոշումը:

Կողմերը կարևորել են երկու երկրների միջեւ կապերի զարգացումը տարբեր ոլորտներում:

Սերբիայի խորհրդարանի նախագահ Մայա Գոյկովիչը ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հրավիրել է Սերբիա: