Դատախազը պահանջում է Սամվել Բաբայանին 7 տարվա ազատազրկման դատապարտել․ «Իգլայի գործ»

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Բաբայանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով այսօրվա դատական նիստին մեղադրող Արամ Արամյանը հանդես եկավ մեղադրական ճառով:  

Ճառում դատախազը հայտարարեց, որ ամբողջ դատավարության ժամանակ պաշտպանական կողմը փորձել է ստվեր նետել մեղադրանքի վրա՝ կասկածի տակ դնելով դրա հավաստիությունն ու գործով ձեռք բերված ապացույցները․

«Պաշտպանական կողմի անհաջող փորձերը միտված են թյուր հասարակական կարծիքի ձևավորմանը»,-ասաց նա։

Դատախազի խոսքերով՝ ողջ դատաքննության ընթացքում պաշտպանական կողմը գործով ապացույց հանդիսացող «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրը փորձել են ներկայացնել իբրև  «ամպիտան տրուբա»․

«Համաձայն չլինելով փորձագետի եզրակացության հետ, որը հաստատել է այդ իրի` զենիթահրթիռային համալիր լինելը, պաշտպանական կողմը չի բողոքարկել փորձաքննության արդյունքները»,-մանրամասնեց նա, շարունակելով․ «Շատ հետաքրքիր է, թե Պաշտպանության բանակում ծառայած Սամվել Բաբայանը չի կարողանում տարբերել զենիթահռթիռային համալիրը «տրուբա»-ից»,-հեգնեց դատախազը։

Արամ Արամյանը պնդեց, որ Սամվել Բաբայանը կեղտոտված և հանցավոր ծագմամբ 5 հազար եվրո թղթադրամ է փոխադրել Հայաստան, նաև հայտնեց, որ վերջինիս նախաձեռնոթյամբ և հրամանով է «Իգլա» տեսակի զենիթահռթիռային համալիրը ձեռք բերվել և տեղափոխվել Հայաստան։

Դատախազը մեղադրական ճառում պահանջեց ամբաստանյալներ Սամվել Բաբայանին դատապարտել 7 տարվա ազատազրկման, Սանասար Գաբրիելյանին՝ 4 տարվա ազատազրկման, Արմեն Պողոսյանին՝ 3 տարվա, Կարեն Քոչարյանին՝ 3 տարվա, Անդրանիկ Քոչարյանին՝ 2 տարվա պայմանական ազատազրկման՝ 3 տարի փորձաշրջանով, Դավիթ Հարությունյանին՝ 2 տարվա, Ժորա Զաքարյանին՝ 2 տարվա պայմանական ազատազրկման՝ 3 տարի փորձաշրջանով, նշելով, որ խափանման միջոցները թողնել անփոփոխ մինչև սույն գործով դատական վճռի ուժի մեջ մտնելը։

Հաջորդ դատական նիստին պաշտպանական կողմը հանդես կգա պաշտպանական ճառով։

Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սույն քրեական գործով դատաքննությունից ի վեր Սամվել Բաբայանը առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր չի ճանաչում․ «Հաջորդ դատական նիստին մենք հանդես  կգանք մեր պաշտպանական ճառերով և մեղադրանքների հիմնավորման կապակցությամբ   կներկայացնենք մեր փաստարկները, հակափաստարկները և հստակ պարզ կլինի մեր դիրքորոշումը, նաև այն թե ինչի հիման վրա է հիմնավորված այն»,-ասաց պաշտպանը, նշելով որ Սամվել Բաբայանին առաջադրված երկու մեղադրանքն էլ իրենք չեն ընդունում։

Հիշեցնենք, որ Ժորա Զաքարյանին, Դավիթ Հարությունյանին, Կարեն Քոչարյանին, Անդրանիկ Քոչարյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արմեն Պողոսյանին՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Նշենք, որ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու, ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով մեղադրվում են 7 ամբաստանյալ, որոնցից  Սամվել Բաբայանի, Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի նկատմամբ, որպես  խափանման միջոց ընտրվել է կալանքը,  իսկ մյուս չորսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 20-ին:

Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի

[views]