ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն Արմեն Աշոտյանի նախագահությամբ սեպտեմբերի 19-ի նիստում քննարկել եւ ՀՀ ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկելու համար դրական եզրակացություն է տվել 2013 թվականի հոկտեմբերի 10-ին Կումամոտոյում ստորագրված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիան (կից հայտարարությամբ) վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Հիմնական զեկուցող, ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել առաջարկվող կարգավորումների վերաբերյալ: Ըստ նախագծի՝ սնդիկն այնպիսի քիմիական նյութ է, որն աշխարհում մտահոգություն է առաջացնում՝ պայմանավորված մթնոլորտի հեռահար տարածություններում տեղաշարժմամբ, մարդու առողջության եւ շրջակա միջավայրի վրա ունեցած բացասական ազդեցությամբ: Կոնվենցիայի նպատակն է պաշտպանել մարդու առողջությունը եւ շրջակա միջավայրը սնդիկի եւ սնդիկի միացությունների անթրոպոգեն արտանետումներից եւ արտազատումներից:
Հարակից զեկուցող Արմեն Աշոտյանը դրական է գնահատել օրենսդրական նախաձեռնությունը՝ նշելով, որ կոնվենցիայով ՀՀ ստանձնած պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն անդրադարձել է նաեւ «Վերլուծական խորհուրդ» աշխատանքային խմբի առաջիկա նիստին: Նշենք, որ հոկտեմբերի 2-ին կայանալիք նիստում քննարկվելու է «Իրաքյան Քրդստանի հանրաքվեն. ազդեցություններ տարածաշրջանի վրա» հիմնահարցը:
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ կետը՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը որոշել է 2017թ. հոկտեմբերի 10-ին անցկացնել խորհրդարանական լսումներ՝ «Խորհրդարանական դիվանագիտության գործիքակազմը եւ բովանդակությունը» թեմայով: Այս մասին հաղորդում են ԱԺ պաշտոնական կայքից: