Հարուցվել է քրեական գործ՝ հողը փչացնելով շրջակա միջավայրին էական վնաս պատճառելու դեպքի առթիվ

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՍՊ ընկերությունը ՀՀ Արագածոտնի մարզի Մաստարա համայնքի տարածքում կատարել է 250.000 խ/մ «հողածածկույթի» տեղափոխման հողային աշխատանքներ՝ ճանապարհաշինարարության համար որպես լիցք օգտագործելու նպատակով:

ՀՀ բնապահպանության նախարարությունն առարկություն չի ներկայացրել՝ պայմանով, որ պետք է պահպանվեն ՀՀ կառավարության 26.05.2006թ. թիվ 750-Ն, 20.07.2006թ. թիվ 1026-Ն և 08.09.2011թ. թիվ 1936-Ն որոշումներով սահմանված պահանջներն ու նորմերը, որոնցով սահմանված են հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու և օգտագործելու կանոնները:

Ըստ ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշումների՝ «Հողամասերի սեփականատերերը, օգտագործողները պարտավոր են հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս իրականացնել բերրի շերտի հանումը, պահպանումն ու օգտագործումը: Բերրի շերտը հանելու, պահեստավորելու և պահպանելու ընթացքում ձեռնարկվում են միջոցներ, որոնք բացառում են դրա որակական հատկանիշների վատթարացումը: Ջրային և հողմնային հողատարումից զերծ պահելու համար պահեստավորված հողաթմբերը ծածկվում են խոտաբույսերով կամ իրականացվում են այլ միջոցառումներ` հողաթմբերի ամրացում, ծածկում և այլն»:

Սակայն, ՍՊ ընկերության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքում՝ առանց թույլտվության, խախտելով հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու և օգտագործելու կանոնները, Մաստարա համայնքի ղեկավարի որոշմամբ տրամադրված հողակտորից դուրս, մոտ 1 հա չափով, կատարվել են լեռնային զանգվածի քանդման աշխատանքներ և դաշտամիջյան ճանապարհների կառուցում՝ ճանապարհի եզրերին, ինչպես նաև փորվածքի շրջակայքում առաջացնելով բուսահողի և տարբեր ապարներ պարունակող լեռնային զանգվածի կուտակումներ:

Արդյունքում, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական տեսչական մարմնի կողմից արձանագրվել է, որ հողի բերրի շերտը դեգրադացվել է, գյուղատնտեսական նշանակության հողատեսքը փոխել է իր նշանակությունը, որի հետևանքով շրջակա միջավայրին պատճառվել է էական վնաս:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

Մեկնաբանություններ