ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խարդախության դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական գործը: Հիշյալ գործի նյութերով ձեռք բերված տվյալների համաձայն` խարդախությունների կատարման մեջ մեղադրվող Ս. Ա.-ն բռնություն է գործադրել Արաբկիր վարչական շրջանի տարածքում իր ծառայողական պարտականություններն իրականացնող ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերլիազորի նկատմամբ և դիմել փախուստի:
Սակայն քրեական գործի նախաքննության ընթացքում Ս. Ա.-ն հաղորդում է տվել, որ ՀՀ ոստիկանության հիշյալ աշխատակիցը, գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում, Երևան քաղաքի Ազատության պողոտայում հետապնդել է իրեն, ապա հասնելով` ոտքերով և ձեռքում եղած ատրճանակով հարվածներ է հասցրել մարմնի տարբեր մասերին: Այնուհետև, երբ ինքը դիմել է փախուստի, կրակոցներ է արձակել իր ուղղությամբ:
Նկատի ունենալով, որ Ս. Ա.-ի հաղորդումն առերևույթ պարունակում է պաշտոնատար անձի կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու հանցագործության հատկանիշներ, վերը նշված դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով, տեղեկացնում է ՀՔԾ-ն:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով `դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: