Հասարակության ու ծխող մարդկանց «մենամարտը». Հայաստանում ծխող կանանց թվաքանակը եռապատկվել է

Ծխախոստն իր մեջ ամփոփում է 400 վնասակար նյութ, որից 250-ը թունավոր են, իսկ 50-ը՝ քաղցկեղածին, այսինքն՝ այդ հիվանդության առաջացման մեջ մեծ դեր ունի ծխախոստը: Վտանգն այն է, որ ծխախոտն ինքն անմիջապես չի մասնակցում հիվանդության ձևավորմանը, այլ համակցվելով մյուս գործոնների հետ, ավելի է հեշտացնում հիվանդության տարածումը և բարդացնում բուժման գործընթացքը:
Հաշվի չառնելով այս հանգամանքները՝ Հայաստանում ծխողների թվի նվազում չի երևում: Ավելին, եթե 1990-ական թվականներին հասուն տղամարդկանց 75%-ն էր ծխող, իսկ կանանց՝ մոտ 1,5%-ը, ապա այսօր ծխող կանանց թիվը եռապատկվել է՝  հասնելով մինչև 6%-ի: Հայաստանը ծխողների քանակով  աշխարհում զբաղեցնում է 25-րդ տեղը, իսկ առողջության մակարդակով՝ 85-րդ:

41-ամյա Նաիրան սկսել է ծխել 24 տարեկանից. անձնական կյանքում սթրես է տարել, ընկերներն էլ խորհուրդ են տվել նյարդերը հանգստացնելու համար մի քանի հատ ծխել:

«Իրոք հանգստացնում էր, թուլանում էի, ոնց որ ոչինչ եղած չլիներ: Հետո, ժամանակի ընթացքում սովորեցի ծխին, ծխախոտի համին ու մինչ օրս ծխում եմ: Ամուսինս բնավ դեմ չի եղել, քանի որ դրա մեջ ոչ մի վատ բան չի տեսնում»,- իր խոսքը շարունակեց զրուցակիցս և հենց այդ պահին մեր կողքով անցնող տղամարդը, լսելով կնոջ վերջին խոսքերը, շրջվեց և «Թո՛ւ, ես քո նամուսին» ասելով հեռացավ:

Զրուցակիցս չընկճվեց տղամարդու խոսքերից, ասելով, որ նորմալ է վերաբերում նման արձագանքին. «Հայ տղամարդկանց մեծամասնությունը դեռ չի համակերպվել այն մտքին, որ կնոջ ձեռքում ևս կարող է սիգարետ հայտնվել»:

Նաիրան ունի 2 երեխա, որոնք արդեն դպրոցական են: Նշեց, որ հղիության և կրծքով կերակրման ժամանակ ծխախոտի մեկ գլանակ անգամ չի օգտագործել՝ հասկանալով դրա վնասակարությունը և հետևանքները: Տան մեջ՝ երեխաների ներկայությամբ չեն ծխում, ամուսնու հետ առանձնանում է պատշգամբում և մեկ գավաթ սուրճի հետ միասին վառում գլանակը:

Առաջին համալսարանական հիվանդանոցի բժիշկ, ուրոլոգ Նարեկ Մելքոնյանը մանրամասնեց ծխախոտի օգտագործման և դրանից բխող վտանգների մասին:

«Ծխելը համարվում է մարդու առողջությանը խիստ վնաս հասցնող սովորություններից մեկը, քանի որ պարունակում է մեծ թվով թունավոր նյութեր: Անկախ ամեն ինչից, միշտ քննարկվում է ծխախոտի մեջ առկա նիկոտինի քանակը և դրա ազդեցությունը՝ ուշադրություն չդարձնելով մնացածին: Վերջիններիս քաղցկեղածին ազդեցությունը շատ բարձր է, և իզուր չէ, որ ծխելով՝ անհատը դատապարտում է իրեն, գրեթե բոլոր օրգան համակարգերում քաղցկեղի առաջացման բարձր ռիսկի: Ընդունված է համարել, որ ծխախոտն առաջացնում է թոքի քաղցկեղ, սակայն, միայն դրանով չի սահմանափակվում խնդիրը: Ծխախոտը հանդիսանում է միզասեռական համակարգի քաղցկեղի առաջացման ամենագլխավոր ռիսկի գործոնը: Մասնավորապես խոսքը վերաբերում է երիկամների, միզապարկի քաղցկեղներին: Ծխախոտի օգտագործման դադարացումը, իհարկե, նվազեցնում է, սակայն, չի կանխում հետագայում քաղցկեղի առաջացումը»,- պարզաբանեց բժիշկը:

Հայաստանում անցկացված սոցոլոգիական հարցումներից դրական տեղաշարժ, այնուամենայնիվ, նկատվում են: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն արձանագրում է, որ, հետազոտությունները ցույց են տվել, թե վերջին 10 տարում, հասուն տղամարդիկ ավելի քիչ են ծխում. «Չնայած այն հանգամանքին, որ 2007-2017 թթ. ծխողների թիվը մնացել է նույնը, սակայն մեկ ծխողին բաժին ընկնող ծխախոտի թիվը 12-ից  իջել է 8-ի, այսինքն 30%-ով նվազել է: Սա միջին թվաքանակի մասին եմ ասում, քանի որ կարող է մեկը 5 հատ է ծխում, մյուսը՝ 25, այդպես հավասարվում են և միջին թվաքանակը կազմում է 12 հատ սիգարետ»:

Սոցիոլոգը նշում է, որ հանրության ստվար զանգվածի մոտ դեռևս պահպանվել է բացասական վերաբերմունքը ծխող կանանց նկատմամբ. «Տղամարդը, եթե իմանում է, որ իր հարսնացուն, ապագա կինը ծխում է, ուրեմն պետք է չամուսնանա այդպիսի աղջկա հետ»:

Մայիսի 31-ին՝ Ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ կազմակերպված ասուլիսի ժամանակ, ՀՀ Առողջապահության նախարարի խորհրդական Դավիթ Պետրոսյանը հայտարարեց, որ ծխախոտի գնի բարձրացում է սպասվում. «Հայաստանում առաջիկայում թանկանալու է ծխախոտը: Առողջապահության նախարար  Լևոն Ալթունյանը հանրապետության նախագահից և վարչապետից հանձնարարական է ստացել խստացնել ծխելու դեմ պայքարը։ Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կրկին բարձրանալու է ակցիզային հարկը, ինչն իր հետ բերելու է նաև ծխախոտի գնի աճ»:

Առաջին հայացքից թվում է, որ այս հայտարարության իրագործումը գոնե որոշ չափով կնվազեցնի ծխող մարդկանց թիվը, սակայն, հարցված 10 տղամարդուց 9-ը չի պատրաստվում թողնել ծխելը: «Եթե անգամ իմ նախընտրած սիգարետը կրկնակի թանկանա, ես չեմ պատրաստվում ծխելը թողնել: Գուցե պակասեցնեմ օրվա ծխախոտի քանակը, բայց վերջնական հրաժարվել չեմ կարող»,- ասաց 55-ամյա տղամարդը:

Ահարոն Ադիբեկյանը ևս հակված է այս տարբերակին, նշելով, որ ծխախոտի գնի բարձրացումը չի կարող խոչնդոտ հանդիսանալ ծխող մարդկանց համար:

«Պետք է ոչ թե ծխախոտի գինը բարձրացնել, այլ հանրակրթական դպրոցներում անընդհատ ուսուցանվի երեխաներին, թե ինչ կարող է առաջացնել ծխելը, որ հայրիկի կամ մայրիկի ծխախոտի գումարով կարող են իրեն նոր գրքեր, խաղալիքներ և հագուստներ գնել: Երեխան պետք է մանկուց խուսափի ծխախոտից, քանի որ հարցումները ցույց են տվել, որ ծխողների 95%-ի ընտանիքում կա գոնե մեկ ակտիվ ծխող»,- ասում է սոցիոլոգը:

Եվրոպական երկրներում հատուկ սենյակներ և խցիկներ կան առանձնացված ծխող մարդկանց համար: Նրանց մեկուսացնում են սրճարաններում, դպրոցներում, հասարակական վայրում գտնվող չծխող մարդկանցից: Երկրներ կան, որտեղ գործատուները հրաժարվում են լավ աշխատողից, քանի որ վերջինս ծխող է: Հայաստանը, վերջին մի քանի տարիներին նույնպես որդեգրում է նման քաղաքականություն: Արդեն իսկ գործում են սրճարաններ, որտեղ ընդհանուր սրահում ծխել չի թույլատրվում, քանի որ ռիսկի մեջ են նաև պասիվ ծխողները, որոշ դեպքերում ընդունված է համարել, որ վերջիններս ավելի վտանգված են և չծխելով ենթարկվում են նույնչափ ռիսկային գործոնի ազդեցության, որքան ակտիվ ծխողները:

Հանուն Ձեր և Ձեր հարազատների առողջության, խորհուրդ է տրվում դադարեցնել ծխելը՝  ապրելով երկար և առողջ:

Նյութը՝ Ռոզա Վարդանյանի