«Հաջորդ նիստին անպայման կքննարկվի դատական սանկցիա կիրառելու հարցը». Դատավորը կուրսանտի սպանության գործով դատական նիստին

Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստն այսօր հետաձգվեց` պաշտպանների բացակայության պատճառով:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ ամբաստանյալ Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանը քիչ առաջ` զանգի միջոցով, դատարանին հայտնել է, որ վատառողջ է և չի կարող ներկայանալ դատական նիստին: Դատավորը պաշտպանի բացակայությունը համարեց անհարգելի և որոշեց հաջորդ նիստին անպայման անդրադառնալ այս հարցին.

«Հաջորդ նիստին անպայման կքննարկվի դատական սանկցիա կիրառելու հարցը»,- ասաց դատավորը:

Այնուհետև, Դավիթ Հարությունյանն անդրադարձավ ամբաստանյալ Վաչե Սահակայնի պաշտպանին, որը ևս բացակա էր:

Նշենք, որ նախորդ նիստին նույնպես ամբաստանյալ  Վաչե Սահակայնի պաշտպանը չէր ներկայացել` դատարանին հայտնելով, որ այլևս չի կարող պաշտպանել Վաչե Սահակյանի շահերը, ինչի արդյունքում նիստը հետաձվել էր: Դատարանը ժամանակ էր տրամադրել ամբաստանյալին և նրա հարազատներին, որպեսզի միջոցներ ձեռնարկեին գործով մեկ այլ պաշտպան ներգրավելու և  ամբաստանյալի շահերը ներկայացնելու համար:

Ամբաստանյալ Վաչե Սահակյանը դատարանին հայտնեց, որ դեռևս բանակցություններ են ընթանում նոր պաշտպան ներգրավելու ուղղությամբ, և գուցե հաջորդ դատական նիստին իր պաշտպանը կներկայանա: Պաշտպանի բացակայությունը դատավորին զայրացրեց, վերջինս էլ դիմեց ամբաստանյալին ավելի հստակ տեղեկատվություն տրամադրելու համար. «Ո՞ւմ հետ կարող ենք կապ հաստատել պաշտպանի վերաբերյալ հստակ տեղեկատվություն իմանալու համար»: Ի պատասխան դատավորի հարցին, ամբաստանյալ Վաչե Սահակյանը հայտնեց, որ կարող են կապ հաստատել իր մորաքրոջ հետ:

Դատավոր Դավիթ Հարությունյանը որոշեց նիստը հետաձգել` համարելով, որ պաշտպանների բացակայության պարագայում նիստը չի կարող ընթանալ:

Հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին:

Հիշեցնենք, որ  2015 թվականի հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանին առավոտյան հայտնաբերել են մարզահրապարակում` պտտաձողից պարանով  կախված վիճակում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին,Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք  2015թ. հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, վերը նշված անձանցով, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադիի Բարսեղյանին:

Իսկ Վարազդատ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ Պն 24236 զորամասի 1 գումարտակի 2-րդ վաշտի 1-ին մարտկոցի կուրսանտ, 2014թ. նոյեմբերի 16-ին ժամը 21.00-ի սահմաններում նույն մարտկոցի կուրսանտ Տ.Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդված. ծեծի են ենթարկել Մանասերյանին, բացի այդ 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին:

Ելենա Արամյան

 

Մեկնաբանություններ