Պաշտպանության նախարարության կողմից ներկայացված նախագիծը դրվել է քննարկման

Այսօր քննարկման է դրվել «Պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը և չափերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծը:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն՝ պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու հետ կապված հարաբերությունները սահմանելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ վարչապետի 22.02.2018թ. N 168-Ա որոշմամբ հաստատված ցանկի 17-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:

Ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու զինծառայողների բնակարանային ապահովության իրավունքի լիարժեք իրացումը:

Որոշման նախագծի համաձայն սահմանվում են պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու հետ կապված հարաբերությունները: Փոխհատուցման չափի որոշման հիմքում դրվել են պայմանագրային զինծառայողի ընտանիքի անդամների քանակի և բնակելի տարածության վարձակալության վայրի սկզբունքները, փոխհատուցման իրավունքը և վճարումը դադարեցնելու պայմանները:

Նախագծին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ e-draft.am կայքում: