«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Ըստ նրա՝ նախագիծը քննարկման երկար ճանապարհ է անցել, դրանով հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ներառելու քաղաքականությունն ու օրենսդրությունը համապատասխանեցվում է 2006 թվականի դեկտեմբերի 13-ին ՄԱԿ-ի ընդունած «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մասին» կոնվենցիային: Նախագծով կարգավորվում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման համար անհրաժեշտ կազմակերպական եւ իրավական հիմքերի հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնման, իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման համար մատչելի պայմանների եւ հավասար հնարավորությունների ապահովման հետ կապված այլ խնդիրներ:
Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նշել է, որ հանձնաժողովի որոշմամբ առաջին ընթերցումից հետո կկազմակերպվեն խորհրդարանական լսումներ, որից հետո նախագիծը վերջնական կլրամշակվի:
Արտահերթ ելույթում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը կարծիք է հայտնել, որ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները պետք է լինեն պետության ուշադրության կենտրոնում: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ նախարարության խնդիրը պետք է լինի օրենքի վերաբերյալ հստակ ռազմավարական ազդակներ հղել հասարակությանը: Միքայել Մելքումյանն անդրադարձել է հաշմանդամություն ունեցող անձանց բարձրակարգ կրթական եւ առողջապահական ծառայություններից օգտվելու իրավունքին:
Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նշել է, որ հանձնաժողովի որոշմամբ առաջին ընթերցումից հետո կկազմակերպվեն խորհրդարանական լսումներ, որից հետո նախագիծը վերջնական կլրամշակվի: