Հայ երկրպագուներն այսուհետև պաշտպանված կլինեն իրավաբանորեն

«ՖԱՖ-ը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուների կողմից երբևիցե ստեղծված միակ ֆան-ակումբն է, որի անդամներն այսուհետև իրավաբանորեն պաշտպանված կլինեն ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս»,- հայտարարեց «Եվրոպական իրավաբանական ծառայության» տնօրեն Սերգեյ Աբելյանը, նշելով, որ արդեն 7 տարի է, ինչ ընկերությունը նման գործունեություն է ծավալում մի քանի երկրներում:

«Եվրոպական իրավաբանական ծառայություն»-ը ֆինանսական և իրավաբանական ծառայություններ է մատուցում ֆուտբոլի երկրպագուներին և ֆուտբոլիստներին: ՖԱՖ-ի հետ համագործակցության նախաձեռնության առաջարկությունն արել է ընկերությունը, ինչը դրականորեն ողջունվել է ազգային հավաքականի երկրպագուների կողմից, քանի որ, ինչպես նշում է ՖԱՖ շարժման հիմնադիր և ղեկավար  Սերգեյ Ջանջոյանը, վերջին 3-4 տարիներին իրենց իրավունքները բավականին ոտնահարվել են:

«Վերջին տարիներին խնդիրները բազմազան են, որոնք լինում են ինչպես մարզադաշտում, այնպես էլ դրանից դուրս: Վերջին դեպքը Մոնտենեգրոյում տեղի ունեցավ, երբ հարձակում եղավ ֆան-ակումբի վրա, որի պատճառով տղաներից մի մասը հայտնվեց հիվանդանոցներում, մյուս մասը՝ ոստիկանական բաժանմունքում: Այդ ժամանակ մենք հայտնվեցինք այնպիսի իրավիճակում, որ չգիտեինք ո՞ւմ դիմել, ո՞վ մեզ կօգնի: Այդ անելանելի իրավիճակից կարողացանք դուրս գալ մոտ կես օրվա ընթացքում՝ տեղի հայ համայնքի շնորհիվ»,- իր տպավորություններով կիսվեց Սերգեյը:

Գործընկերոջ խոսքը շարունակեց ՖԱՖ շարժման ղեկավար, խորհրդի անդամ Արսեն Զաքարյանը, ով նշեց, որ լինում են դեպքեր, երբ մարզադաշտ չեն թողնում ՖԱՖ-ի կոնկրետ մի քանի անդամների:

«Կարող են առաջին խաղակեսի ավարտին մոտենալ ինչ-որ մեկին և ասել, որ պետք է լքի մարզադաշտը: Առանց որևէ պատճառ, ուղղակի դուրս են հրավիրում՝ «էս դու էլ ես եկել, չէինք նկատել» արտահայտությամբ:  Նման բաները չպետք է արվեն խաղի ժամանակ, քանի որ երկրպագուները գումար են տվել, գնել տոմսը և ցանկացել լինել խաղադաշտում՝ տեղում երկրպագել հավաքականին: Լինում են դեպքեր, երբ չեն թողնում պաստառներով ներկա գտնվել ֆուտբոլային հանդիպումներին»:

Արդեն երկար ժամանակ է, ինչ խնդիր կա ՖԱՖ-ի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև: Սերգեյ Ջանջոյանը նշում է, որ հստակ պատճառ չկա, ուղղակի կողմնակալ վերաբերմունք կա ՖԱՖ-ի անդամների հանդեպ. տոմսեր ձեռք բերելու համար արհեստական խոչընդոտներ են հայտնվում, պատսառներով մուտքն արգելում և այլն:

«Տոմսարկղերից տոմս ձեռք բերել խոչընդոտելու դեպքում մենք մտնում ենք արդեն քաղաքացիաիրավական դաշտ, քանի որ իրավականորեն չեն կարող խոչնդոտել տոմս գնել ցանկացող քաղաքացու իրավունքները: Խստորեն արգելված է նաև ոստիկանների կողմնակալ վերաբերմունքը ֆուտբոլասերի, այս դեպքում ՖԱՖ ակումբի անդամի հանդեպ: Այս հուշագրից հետո մենք անելու ենք առավելագույնը, որ չսահմանափակվեն, առավել ևս չխախտվեն ձեր իրավունքները: Մենք աշխատում ենք շուրջօրյա՝ 24-ժամով և ձեր ահազանգերին կպատասխանի ոչ թե հեռախոսավարուհի-օպերատորը, այլ հենց փաստաբանը»,- ՖԱՖ-ին դիմեց «Եվրոպական իրավաբանական ծառայության» փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

Հանդիպման վերջում երկու կողմերի միջև կնքվեց համաձայնագիր, իսկ ՖԱՖ շարժման հիմնադիր և ղեկավար  Սերգեյ Ջանջոյանը Սերգեյ Աբելյանին նվիրեց ՖԱՖ-ի շարֆ:

Նյութը՝ Ռոզա Վարդանյանի