Կառավարությունը գումար կհատկացնի ՀՀ մարզերի առաջնահերթ նշանակություն ունեցող խնդիրները լուծելու համար

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որի ժամանակ Գործադիրի որոշմամբ նախատեսվում է ՀՀ մարզերում հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով ՀՀ մարզպետարաններին կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել շուրջ 11,865.0 հազ. դրամ գումար՝ դպրոցաշինության, նախադպրոցական հաստատության, բնակարանաշինության, ճանապարհաշինության, ջրամատակարարման, ոռոգման և այլ ոլորտներում կապիտալ և սոցիալական բնույթի ծրագրերի իրականացման նպատակով:
Մեկ այլ որոշմամբ էլ գումար կհատկացվի ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ճանապարհների վերանորոգման համար: Հիմնավորման համաձայն, Վանաձոր քաղաքի ճանապարհային ցանցի ինչպես գլխավոր, այնպես էլ ներթաղամասային փողոցները գտնվում են անմխիթար վիճակում:

Գործադիրը որոշել է ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սասունցի Դավիթ փողոցի քանդման ենթակա վթարային թիվ 13 շենքի բնակիչների բնակարանային պայմանների բարելավման համար գումար հատկացնել մարզպետարանին: Բնակվելու համար վտանգավոր դարձած այդ շենքի թվով 12 ընտանիքներին կտրամադրվի ֆինանսական աջակցություն՝ սահմանված ժամկետում բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով:

Մեկ այլ որոշմամբ էլ կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի Բնապահպանության նախարարությանը՝ Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների և այլ միջոցառումների կատարման համար: Մասնավորապես, գումար կհատկացվի «Դիլիջան» ազգային պարկին՝ երեք տեղամասերի պահպանությունը մասնավոր պահնորդական ծառայության միջոցով իրականացնելու համար: Կարեն Կարապետյանը նշել է, որ սա պահպանումը մասնավոր ընկերությանը պատվիրելու առաջին փորձն է: «Իրավապահ բոլոր մարմիններն զգուշացված են, Դիլիջանում հատուկ հսկողություն ենք սահմանում: Պետք է մոնիթորինգ իրականացնենք, պիլոտային այս ծրագրի արդյունավետությունը գնահատելու համար»,-ասել է վարչապետը: