Հայտնի են դարձել 2018 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակիրները

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով Գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը հայտարարել է, որ 2018 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակին բացարձակապես արժանացել են Կոնգոյից գինեկոլոգ Դենիս Մուկվեգեն և իրաքցի իրավապաշտպան Նադյա Մուրադը՝ պատերազմների և զինված հակամարտությունների ժամանակ սեռական բռնության դեմ պայքարելու գործում մեծ ներդրում ունենալու համար։

Մարդու իրավունքների հարցերով Գերագույն հանձնակատարը նշել է, որ ՄԱԿ-ը և բոլոր իրավապաշտպանները ողջունում են Մուրադին և Մուկվեգեին։ Նա շնորհակալություն է հայտնել դափնեկիրներին իրենց կատարած աշխատանքի համար` ընդգծելով կանանց, փոքրամասնությունների և մարդու իրավունքների պաշտպանության կարևորությունը:

Նշենք, որ Դենիս Մուկվեգեն գինեկոլոգ է։ Տարիներ առաջ ահաբեկչական ապօրինի խմբավորումների անդամները հարձակվել և ահաբեկչական գործողություններ են իրականացրել այն հիվանդանոցում, որտեղ աշխատել է Մուկվեգեն։ Այնուհետև, նա հիվանդանոց է հիմնադրել, որը մասնագիտանում է բռնաբարության զոհերին օգնություն հատկացնելու գործում: Նրա օգնությամբ փրկվել են հազարավոր կանայք։ Իսկ Նադյա Մուրադը՝ իրավապաշտպան է։ 2014 թվականին 19-ամյա աղջիկը սեռական ստրկության զոհ է դարձել և 3 ամսվա ընթացքում բազմիցս սեռական բռնության է ենթարկվել «Իսլամական պետություն» ահաբեկչական ապօրինի խմբավորման անդամների կողմից։ Ներկայումս նա հանրային աշխատանք է իրականացնում՝ սեռական բռնության ենթարկված զոհերին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ։

Այս կապակցությամբ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը հիշեցրել է, որ դեռևս 10 տարի առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խստորեն դատապարտել է սեռական բռնության՝ որպես պատերազմի գործիք կիրառումը։ Նրա խոսքերով, Նոբելյան մրցանակի շնորհումը Մուրադին և Մուկվեգեին ամբողջ աշխարհում բռնության զոհերի տառապանքների ճանաչումն է։ «Այս մրցանակը նաև նրանց մրցանակն է»,- շեշտել է Գլխավոր քարտուղարը՝ կոչ անելով պաշտպանել սեռական բռնության զոհերին, որտեղ էլ նրանք լինեն։

Մեկնաբանություններ